Ադրրբեջանը կրկին պատերազմով է սպառնում

Ադրրբեջանը կրկին պատերազմով է սպառնում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին գործերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե հայկական կողմը պետք է դուրս բերի իր «զորքերը գրավյալ տարածքներից», հակառակ դեպքում Ադրբեջանը «կարող է օգտվել տարածքային ամբողջականությունը վերականգնելու իրավունքից»:

«Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների ՀՀ նոր ղեկավարության հետ: Ադրբեջանը 25 տարի սպասել է ղարաբաղյան հակամարտության արդար լուծմանը և դա սահման ունի: Հայաստանը ըստ ՄԱԿ ԱԽ որոշումների պետք է ազատի Ադրբեջանի գրավյալ տարածքները, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք օգտվել մեր իրավունքից՝ ՄԱԿ կանոնադրությանը համաձայն»,-հայտարարել է Հաջիևը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում, հայտնում է Interfax.az-ը:

Նա ասել է նաև, թե Հայաստանն «ապօրինի շահագործում է գրավյալ տարածքների բնական ռեսուրսները»: «Դա անթույլատրելի է և դրան պետք է վերջ տրվի»,-ասել է Հաջիևը:

«Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության: Դրա համար առաջին հերթին պետք է ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները, փախստականներն ու բռնի տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հողերը»,-ասել է Հաջիևը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու հարցը սկզբունքային և կարևոր հարց է, բայց ոչ նախապայման: «Մենք չենք անելու որևէ բան, որը բանակցությունները փակուղի է տանելու, մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը, որը շատ էական հարց է, և շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու հայկական կողմի ձգտումը, և դիտարկվում է որպես բանակցությունների արգելափակման փորձ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---