Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014-ի դեպքերը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաև 2008-2014-ի դեպքերը

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նիստի ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշում է կայացրել այն մասին, որ 2019-ի ապրիլի 1-ից հատուցումներ կտրամադրվեն նաև 2008-2014թթ. ընթացքում հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ձեռք բերածներին:

Նիստի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն 2018-ի սկզբից մինչև օրս իրականացված հատուցումների և նվիրաբերությունների վերաբերյալ, ընդգծելով, որ այս պահի դրությամբ հիմնադրամում հավաքագրված գումարն արդեն հատել է 14 մլրդ., իսկ կատարված ընդհանուր հատուցումները՝ 941 մլն դրամը:

Ընդ որում, նիստին որոշում է կայացվել հաջորդ տարի քննարկել արդեն 2008-ից ավելի վաղ տեղի ունեցած դեպքերի փոխհատուցման հնարավորությունը:

Անդրադարձ կատարելով իրականացված աշխատանքներին և ֆինանսական միջոցների հավաքագրման ընթացակարգերին՝ խորհրդի անդամները նշել են, որ փաստացի 2018-ին հիմնադրամի ակտիվների կառավարումից գոյացած միջոցները գերազանցել են կատարված հատուցումների ծավալը, ինչը ևս մեկ անգամ վկայում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության բարձր արդյունավետությունը: Ծրագիրը հաջողությամբ շարունակում է գործել հանրության առջև լիարժեք հաշվետվության և բացառիկ թափանցիկության սկզբունքով:

2018թ. օգոստոսի 9-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել էր նաև 2015 և 2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի մասով ֆինանսական հատուցումներ տրամադրելու վերաբերյալ որոշումը:

Oրենքի համաձայն՝ զինծառայողի մահվան և առաջին կարգի հաշմանդամության դեպքում միանվագ վճարվում է 10 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում` 5 միլիոն դրամ, հետագա 20 տարիների ընթացքում տրվում է ապահովագրական վճար` սպայական անձնակազմին` 300 հազար դրամ, ենթասպաներին` 250 հազար դրամ, իսկ շարքային անձնակազմին` 200 հազար դրամ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---