ԱԺ պատգամավոր. 8 ամիս է՝ Հարկային նոր օրենսգիրքը չի ներկայացվում ԱԺ

ԱԺ պատգամավոր. 8 ամիս է՝ Հարկային նոր օրենսգիրքը չի ներկայացվում ԱԺ

PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2018 թ. Կառավարության ծրագրի կատարողականը, որի ժամանակ անդրադարձ է եղել նաև Հարկային նոր օրենսգրքի մշակման ընթացքին:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հետաքրքրվել է, թե ինչու արդեն 8 ամիս է չի ներկայացվում Հարկային նոր օրենսգիրքը, թեև կառավարությունը հայտարարել է, որ տնտեսական հեղափոխություն է անելու։

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանել է, որ Հարկային օրենսգրքում լինելու են այնպիսի շրջադարձային փոփոխություններ, որոնք էական ազդեցություն են ունենալու ներդրումային միջավայրի վրա, և որ փոփոխություններն առաջացրել են հանրային լուրջ քննարկումներ, հայտնում է Yerkir.am-ը:

«Դրանց անդրադառնալիս էլ կառավարությունը փորձում է կարգավորումներ սահմանել յուրաքանչյուր փոքր խմբի տնտեսվարողների համար։ Կառավարությունը փորձում է բոլոր տեսակետները լսել և, ի վերջո, բերել փաստաթուղթ, որի շուրջ քննարկումները բավականաչափ ծավալված են, և տեսակետները հասկացված են: ԱԺ-ում ևս տեսակետների ճշգրտումներ են լինելու, ուղղակի աշխատում ենք գալ փաթեթով, որը հնարավորինս հղկված կլինի: Իսկ եթե կան տեսակետներ, որոնք խնդիրներ են, կգանք պարզաբանումներով և ընդհանուր որոշում կկայացնենք: Սա է պատճառը, որ Հարկային նոր օրենսգիրքն ուշանում է»,- ասել է Խաչատրյանը` հավելելով, որ ինքը չի համարում, թե դա ձգձգում է։

«Դա ընդամենը նշանակում է, որ մենք ժամանակն օգտագործում ենք, որպեսզի բոլոր տեսակետները ևս մեկ անգամ լսենք»,- շեշտել է նախարարը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---