Քաղաքապետը՝ «Սանիթեքին». Այլևս չենք հանդուրժելու նման որակի աշխատանք

Քաղաքապետը՝ «Սանիթեքին». Այլևս չենք հանդուրժելու նման որակի աշխատանք

PanARMENIAN.Net - Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի բնակիչներին՝ համապետական շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցության համար:

Անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը՝ քաղաքապետ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել «Սանիթեք» ընկերության աշխատանքից և ընդգծել, որ քաղաքային իշխանություններն այլևս չեն հանդուրժելու նման որակի աշխատանք:

«Կա՛մ սանմաքրումն իրականացնում եք պատշաճ որակով, կա՛մ գործընթացը քաղաքը վերցնում է իր վրա: Այդ հարցը պետք է որոշվի, այլևս այսպես հնարավոր չէ: Եվ, եթե դուք պահում եք գործընթացը ձեզ, ուրեմն լինելու է շատ ուժեղ հսկողություն, և տույժեր ու տուգանքներ: Մենք ինչ-որ ժամանակահատված աշխատեցինք, քաղաքային իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի «Սանիթեք» ընկերությունը մի քիչ ուշքի գա: Ընկերությունը կամ վերցնում է պատասխանատվությունը և պատշաճ կազմակերպում է աշխատանքները, կամ տալիս է քաղաքային իշխանություններին, որպեսզի քաղաքը մաքուր լինի: Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ», - ընդգծել է քաղաքապետը:

Մայրաքաղաքում շարունակվում է անձրևատարների մաքրումը: «Սանիթեք» և «Վեոլիա Ջուր» ընկերություններին հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել համակարգված, որպեսզի աղբի կուտակումներ փողոցներում չլինեն:

«Անձրևների սեզոնը սկսվելու է, և ես չեմ ուզում, որ փողոցները լցված լինեն ջրով: Եթե, իհարկե, այնքան հորդ անձրև չլինի, որ համակարգը ի վիճակի չլինի ջուրը տանել: Դա օբյեկտիվ պատճառ է, բայց սուբյեկտիվ պատճառները պետք է բացառենք»,- նշել է քաղաքապետը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հայտարարել էր, որԵրևան քաղաքի մաքրությունը 12 տարվա պայմանագրով տրված է «Սանիթեքին»։ Նա ասել է, որ պայմանագրի ավարտին դեռ 7 տարի կա:«Որպեսզի երկրորդ օպերատոր ներգրավենք, այս մեկի հետ պետք է խզենք պայմանագիրը։ Եթե ուղղակի խզենք, քաղաքը մեծ տուգանքներ կվճարի։ Սա պրոցես է, որը պետք է բերի պայմանագրի խզմանը, պրոցեսն ընթացի մեջ է։ «Սանիթեքի» աշխատանքը գնահատում եմ ոչ բավարար։ Սա բազմիցս եմ ասել», - ասել է Հայկ Մարությանը։

Մարտի 23-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Հայաստանի ողջ տարածքում համապետական շաբաթօրյակ է անցկացվել: Շաբաթօրյակին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և այլ պաշտոնյաներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---