ՀՀ-ում կարմրուկի բերովի 4-րդ դեպքն է գրանցվել

ՀՀ-ում կարմրուկի բերովի 4-րդ դեպքն է գրանցվել

PanARMENIAN.Net - 2019-ի սկզբից լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի արդեն 4-րդ դեպքն է գրանցվում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նշվում է, որ աշխարհում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ներկայումս եվրոպայում կարմրուկի համաճարակը լուրջ առողջապահական խնդիր է և ավելի քան հինգ տասնյակ մահվան դեպք է գրանցվել: «Վերջինս պատվաստումների վերաբերյալ ապատեղակատվության տարածման արդյունք է: Նման միտումների հետագա շարունակումը կարող է բերել արդեն իսկ վերացված վարակիչ հիվանդությունների հետվերադարձին` զանգվածային հիվանդացման դեպքերի, բռնկումների, համաճարակների, ինչպես նաև մահվան դեպքերի: Տեղին է նշել, որ որոշ երկրներում արդեն իսկ դիտվում է դիֆթերիայի հետվերադարձ՝ ուղեկցվելով բռնկումներով, մահվան դեպքերով»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն գրանցվում են բերովի դեպքեր: Դեպքերը համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի և Վրաստանի հետ:

Չորրորդ դեպքն արձանագրվել է Իտալիայի քաղաքացու մոտ, որը Հայաստան է ժամանել Ուկրաինայից 2 շաբաթ առաջ` առանց որևէ կլինիկական երևույթների: Ախտանշաններն ի հայտ են եկել մեկ շաբաթ առաջ՝ ունեցել է ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ մարտի 23-ից սկսել է մարմնի ցանավորումը: Մարտի 25-ին կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ:

Նշվում է, որ հիվանդը վարակիչ շրջանում եղել է Արամի փողոցի վրա գտնվող տարբեր հանրային վայրերում և ունեցել է բազմաթիվ շփումներ այլ քաղաքացիների հետ, ովքեր մեծ հավանականութամբ կարող են վարակված լինել և նպաստել երկրում վիրուսի տեղական տարածմանը և նոր դեպքերի առաջացմանը:

«Պատվաստումներն են ամենաանվտանգ և արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումները` յուրաքանչյուր տարի փրկելով միլիոնավոր կյանքեր: Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում եմ դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել` միայն այս դեպքում զերծ կմնաք հիվանդությունից»,-ասվում է Արսեն Թորոսյանի գրառման մեջ:

Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և օժտված է խիստ բարձր վարակելիությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---