Վարչապետ. ԼՂ-ն որպես կողմ ներգրավելն օրակարգն է, որով գնում ենք բանակցությունների

Վարչապետ. ԼՂ-ն որպես կողմ ներգրավելն օրակարգն է, որով գնում ենք բանակցությունների

PanARMENIAN.Net - ԱԺ մարտի 27-ի նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե արդյոք կա Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ սպասվելիք հանդիպման հստակ օրակարգը։

Վարչապետը պատասխանել է, որ դեռ Իրանում է հայտարարել, որ հանդիպման նախնական պայմանավորվածություն կա:

«Նախկինում էլ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ ես ասել եմ իմ դիրքորոշումը, որ առնվազն սկզբնական փուլում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ չպետք է ունենան, պիտի լինի հարցերի լայն շրջանակ, պետք է ուղղակի մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, կարող եմ կանխատեսել, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակում, և այո, այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի համատեղ նիստի ժամանակ, այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների, այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք բանակցային հետագա ողջ գործընթացում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը, թե այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու վերաբերյալ մտքեր կփոխանակվեն, Փաշինյանը դրական պատասխան է տվել:

«Այո, իհարկե, Ստեփանակերտի իմ ելույթի առաջին դրույթը հենց դա էր։ Ուզում եմ բոլորս ճիշտ հասկանանք, որովհետև կան տարբեր մեկնաբանություններ և Հայաստանում, և դրսում։ Մեկնաբանություն կա, տարօրինակ կերպով նաև Հայաստանում, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ է, բայց դա, իհարկե, բանակցային ֆորմատի փոփոխության առաջարկ չէ և չի կարող լինել, որովհետև բանակցային ֆորմատը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը», - հայտնել է վարչապետը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---