ԱՆ. Գարդասիլի մասին ստելը լուրջ վտանգներով է հղի

ԱՆ. Գարդասիլի մասին ստելը լուրջ վտանգներով է հղի

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում խիստ դատապարտել է երկրի համաճարակային իրավիճակի ապակայունացման դեմ ուղղված յուրաքանչյուր փորձ:

«Հարգելի ծնողներ, քաղաքացիներ, բժշկական հանրության ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ չեն գրանցվում պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդություններ՝ պոլիոմիելիտ, դիֆթերիա, փայտացում, կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր և այլն: Հատկանշական է, որ հենց այս օրերին Եվրոպայում մոլեգնում է կարմրուկի համաճարակը և ավելի քան հինգ տասնյակ մահվան դեպք է գրանցվել, իսկ Հայաստանում դեպքեր չկան՝ շնորհիվ մեր երկրում պատվաստումների հաջող գործընթացի: Աշխարհում դիտվում է նաև դիֆթերիայի հետվերադարձ բռնկումների տեսքով՝ ուղեկցվելով մահվան դեպքերով», - մասնավորապես նշված է հայտարարությունում:

Նշվում է, որ շրջանառվող ապատեղեկատվությունը և ասեկոսեները կարող են նպաստել բնակչության շրջանում վախի և անվստահության մթնոլորտի ձևավորմանն ու խորացմանը, որը հղի է լուրջ հետևանքներով և կարող է վտանգել տարիների ընթացքում մեծ դժվարությամբ ձեռք բերված երկրի կայուն համաճարակային իրավիճակը` դրանով իսկ սպառնալով յուրաքանչյուր երեխայի և անձի առողջությանը:

«Հիմք ընդունելով վերոհիշյալը՝ առողջապահության նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում այս իրավիճակի վերաբերյալ և կոչ է անում`դադարեցնել պատվաստումների վերաբերյալ, այդ թվում` մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ, անհարկի շահարկումները և սկսել կառուցողական գործընթաց` հիմնված ապացուցողական բժշկության տվյալների վրա: Հիշեք՝ հանրային առողջության համար պատասխանատու ենք բոլորս»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ փոքրաթիվ բժիշկներ մտահոգություն էին հայտնել արգանդի վզիկի քաղցկեղը կանխող գարդասիլ պատվաստանյութով աղջիկներին պատվաստելու վերաբերյալլ, սակայն այդպես էլ հստակ փաստեր կամ կոնկրետ գիտական ուսումնասիրություններ չեն ներկայացրել՝ թե ինչու է «պատվաստանյութը վտանգավոր»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---