Գարեգին Բ-ն Ռուսիո պատրիարքին խնդրել է միջնորդել Կարեն Ղազարյանին ազատելու հարցում 3 ապրիլի 2019 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին՝ խնդրելով վերջինիս միջնորդել Ադրբեջանում ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին ազատելու հարցում: Այդ մասին կաթողիկոսն ասել է ապրիլի 2-ին Մոսկվայում ` Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում Համայն Ռուսիո պատրիարքի հետ հանդիպումը: «Սիրեցյալ եղբայր, հոգևոր գոհունակությամբ և գնահատանքով ենք կամենում անդրադառնալ նաև Ձեր՝ որպես Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետ, ունեցած կարևոր դերակատարությանը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ի խնդիր հոգևոր պետերիս եռակողմ հանդիպումների կազմակերպման գործում: Այսօր մեր ժողովուրդը, կորստի ցավն իր սրտում, հարգում և ոգեկոչում է պանծալի հիշատակը իր հերոս զավակների, ովքեր զոհվեցին 2016 թ․ ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմում։ Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը էական է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար: Հիմնախնդրի հանգուցալուծման համար առաջնային կարևորություն ունի խաղաղությանը նպաստող միջավայրի հաստատումը, այդ թվում՝ փոխվստահության միջոցառումների իրականացման ու ռազմատենչ հռետորաբանության նվազեցման միջոցով: Հայաստանի և Արցախի իշխանությունները և ժողովուրդը հաստատակամ են խաղաղության և համերաշխության իրենց ձգտման մեջ: Այդ ճանապարհը, սակայն, միակողմանի չի կարող լինել: Այս առումով ցանկանում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել նաև մեկ դեպք: Վերջերս Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտվեց դեռևս ամռանը չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, ով ունի հոգեկան խնդիրներ: Դատական այդ որոշումը կայացվեց մարդու իրավունքների բացահայտ խախտմամբ: Այս հարցում, նկատի ունենալով հոգևոր պետերիս նախորդիվ ունեցած փորձառությունը, դիմում ենք Ձերդ Սրբության միջնորդությանը Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանությանց առջև` միջազգային պարտավորությունների պահպանումով երիտասարդին վերադարձնելու իր ընտանիք»,-ասել է կաթողիկոսը: Իր հերթին Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքը, շնորհակալություն հայտնելով իր գահակալության 10-ամյակի կապակցությամբ Վեհափառ Հայրապետի կողմից հղված շնորհավորական ուղերձի և բարեմաղթանքների համար, գոհունակություն է հայտնել, որ անցնող տասը տարիների ընթացքում Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների հարաբերությունները հատկանշվել են եղբայրական սիրով և ջերմությամբ: Իր խոսքում Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը անդրադարձել է Ռուսաստանում Հայոց թեմի աշխույժ գործունեությանը և ակտիվ ներգրավվածությանը երկու Եկեղեցիների կապերի զորացման գործում, ինչպես նաև ՀՀ-ում Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվության ներքո գտնվող համայնքի հոգևոր կյանքին: Երկու հովվապետերը գոհունակությամբ հաստատեցին երկու ժողովուրդների և եկեղեցիների միջև զարգացող փոխգործակցությունը և համագործակցությունը` միջեկեղեցական և միջազգային ամենատարբեր հարթակներում կրոնական-հասարակական հիմնախնդիրներին ընդառաջ: Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ է, որին ադրբեջանցիները ձերբակալել էին հուլիսի 15-ին ու ներկայացնում էին իբրեւ դիվերսանտի։ Հայկական կողմը հերքել է այդ հաղորդումը, ընդգծելով՝ Կարեն Ղազարյանը որևէ առնչություն չունի բանակի հետ, առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013-ց հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Ադրբեջանում պահվող Կարեն ՂազարյանինՀայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով |