Զեյնալյան. Փորձաքննությունը կպարզի՝ արդյոք Մանվել Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ

Զեյնալյան. Փորձաքննությունը կպարզի՝ արդյոք Մանվել Գրիգորյանի հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի կարծիքով, Հայաստանում այժմ կալանքի կիրառման բարելավում կա, սակայն դա բավարար չէ։ «Պետք է ասել, որ այժմ դատարանները շատ ավելի համարձակ են մերժում կալանավորելու մասին միջնորդությունները կամ դրանք ճանաչում ոչ իրավաչափ ձերբակալությունները», - հավելել է Զեյնալյանը

Նախարարը ներկա էր Քննչական կոմիտեում տեղի ունեցած ուղեցույցի շնորհանդեսին, որը վերաբերում է քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերին, խափանման միջոց կիրառելու կարգին, կալանավորմանը, կալանքի տակ պահելու ժամկետներին։

Անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորելու հիմքերին, այն դեպքում, երբ փաստաբանները պնդում են, որ նա հիվանդ է, նրա նկատմամբ իրականացվում է խոշտանգում` նախարարն ասել է, որ այժմ փորձաքննություն է իրականացվում, հայտնում է Aysor.am-ը:

«Օրենսդրորեն կար սահմանափակում, որ կալանավորն ազատ արձակվի առողջական վիճակով պայմանավորված։ Մենք նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխություններ, որ այդ արգելքը վերացվի։ Ես որքան տեղյակ եմ, իրականացվում է փորձաքննություն, ճշտելու՝ արդյոք հիվանդությունների ցանկին համապատասխանում են Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները, թե ոչ»,-ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում է կայացրել հետաձգել Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև սույն թվականի ապրիլի 3-ըներկայացնել համապատասխան տեղեկատվություն:

Մանվել Գրիգորյանի փաստաբանները մարտի 19-ին դիմել են դատարան՝ միջնորդելով Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց։

Մանվել Գրիգորյանի գործով նախաքննությունը, մեղադրական եզարակացությունն ուղարկվել է դատախազություն:Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---