Ավտոբուս արտադրող գերմանական ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտի բարեփոխմամբ

Ավտոբուս արտադրող գերմանական ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտի բարեփոխմամբ

PanARMENIAN.Net - Գերմանական MAN Truck & Bus AG ընկերությունը ցանկություն է հայտնել մասնակցել Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին, հայտնել է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ընկերության ավտոբուսների վաճառքի տնօրեն Հելմուտ Գրոսհաուսերի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի հետ:

Հանդիպմանը ներկայացվել է ընկերության գործունեությունը, մասնավորապես, ավտոբուսների ամբողջական արտադրության գործընթացը: Տարբեր տարողության քաղաքային ավտոբուսներն աշխատում են գազով, դիզելային վառելիքով և հիբրիդային շարժիչով:

Անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի նախագծումն իրականացրած WYG խորհրդատվական ընկերության առաջարկների փաթեթին՝ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այն հիմնական պահանջներն ու մոտեցումները, որոնք տեղ են գտնելու քաղաքային տրանսպորտի նոր համակարգի ներդրման ծրագրում: Քաղաքապետի առաջին տեղակալը նաև տեղեկացրել է, որ ավտոբուսների արտադրության ոլորտում մի շարք հայտնի ընկերություններ ևս արդեն իսկ ներկայացրել են առաջարկներ:

Հելմուտ Գրոսհաուսերը նշել է, որ ընկերությունը հետաքրքված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով ու պատրաստակամություն է հայտնել համագործակցել:

MAN Truck & Bus AG ընկերության ավտոբուսների վաճառքի տնօրենը նաև նշել է, որ իրենք պատրաստ են հյուրընկալել երևանյան պատվիրակությանը, որը տեղում կարող է ծանոթանալ ավտոբուսների արտադրական գործընթացին ու տեխնիկական հնարավորություններին:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ ավտոբուսների գնային քաղաքականության ու հետագա սպասարկմանն առնչվող:

 Ուշագրավ
Բաբայանը ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա
«Նուբարաշեն»-ում պահվում է 367 անձ, «Արմավիր» ՔԿՀ-ում՝ 708-ը
Նրա հետ եղած անձը նույնպես ոստիկանությունում է