// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փաստաբան.Գրիգորյանի կողմից զինվորի սննդի յուրացման ապացույց ու վկայություն չկա

Փաստաբան.Գրիգորյանի կողմից զինվորի սննդի յուրացման ապացույց ու վկայություն չկա

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «զինվորի սննդի յուրացման դեպք չկա»։ «Գործի նյութերում այդ ամենը փաստող ոչ ապացույցներ կան, ոչ էլ վկայություններ», - ասել է նա։

Պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է նախաքննական մարմնի կողմից Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Նիստը հետաձգվել է, քանի որ դատախազը նոր էր ներգրավվում բողոքի քննությանը։

Փաստաբանը հավելել է, որ Գրիգորյանի առողջական վիճակի հարցում բժիշկների միջամտությունը արդյունքներ տալիս է, հայտնում է Aysor.am-ը:

Միաժաանակ, Մկրտչյանը նշել է, որ այս գործով բացահայտումների մասին ազդարարած Ազգային անվտանգության ծառայությունը «փայլուն կատարել է իր գործը»։

«Եկեք տարանջատենք նախաքննությունն ու օպերատիվ աշխատանքները և դատաքննությունը։ Ասեմ, որ օպերատիվ հետախուզական աշխատանքների հետ կապված որևիցե դժգոհություն ոչ ոք չի հայտնել. Մարդիկ գնացել, հայտնաբերել են չգրանցված զենք-զինամթերք, այլ գույքեր ու այդ վարկածը տվել են Հատուկ քննչական ծառայությանը, որտեղ իրականացվել է նախաքննություն։ Հիմա թե ոնց պետք է սա գանհատվի, արդյոք կա հանցակազմ, թե չկա, արդյոք մեր պաշտպանյալը առնչություն ունի այդ ամենի։ Դրա վերջնական գնահատականը պետք է տա դատարանը», - նշել է Մկրտչյանը։

Այն հարցին, թե ինչո՞ւ են այդ իրերը հայտնվել Մանվել Գրիգորյանի առանձնատանը, պահեստներում Մկրտչյանը արձագանքել է. «Բայց այդ հարցը Մանվել Գրիգորյանի հարցը չէ։ Նա ասում է, որ այդ ամենի հետ կապ չունի։ Եվ իրականում էլ կապ չունի»։

Փաստաբանն ինքը առաջադրել է իր վարկածները. «Այդ ապրանքները տեղադրվել են միտումնավոր, երրորդ անձի կողմից։ Այդ տարածք կարող էին հազարավոր մարդիկ մուտք գործել և հիմա էլ անցնում են։ Խոսքը առանձնատան մասին չէ, այլ՝ Ակնալճի տարածքը։ Նախաքննությունը պետք է շահագրգռված լիներ բացահայտել մասնամասները՝ ում կողմից, ինչպես են տեղադրվել այնտեղ»։

Պաշտպանական մարտավարությունից ելնելով՝ փաստաբանն այլ մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ մանրամասներից կարող են խոսել դատարանում։

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և առաջիկայում սպասվում է նախկին պաշտոնյայի դատավարությունը։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

 Ուշագրավ