Հայ-ռուսական միացյալ զորախումբը լայնածավալ զորավարժություն է անցկացնում

Հայ-ռուսական միացյալ զորախումբը  լայնածավալ զորավարժություն է անցկացնում

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ ապրիլի 1-ից ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվող գումարտակային մարտավարական լայնածավալ զորավարժություն:

Զորավարժության նպատակն է ներդաշնակել տարբեր զորատեսակների ստորաբաժանումների համատեղ գործողությունները, ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը` միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում, հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը։

Մարտավարական զորավարժության շրջանակում, ապրիլի 3-ին, «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է հանդիսավոր միտինգ և շարային ստուգատես: Ողջունելով զորավարժության մասնակիցներին` գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը հետաքրքրվել է նրանց մարտական պատրաստականությամբ ու տրամադրվածությամբ, ներգրավված ստորաբաժանումների, ծառայությունների և տեխնիկական միջոցների պատրաստության մակարդակով:

ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարը վստահություն է հայտնել, որ հերթական համատեղ զորավարժության արդյունքները լինելու են գոհացուցիչ և առաջադրված բոլոր ուսումնամարտական և կրակային խնդիրները կատարվելու են արդյունավետ ու բարձր մակարդակով:

Զորավարժության յուրահատկությունն այն է, որ նախօրոք սցենար չի կազմվել և զինծառայողներին խնդիրներ են առաջադրվելու իրավիճակի զարգացմանը զուգահեռ։

Խաղարկվելու են պաշպանողական, հարձակողական, ինչպես նաև հակահարձակողական գործողություններ: Զորավարժությունը կշարունակվի մինչև ապրիլի 12-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---