Ստեփանակերտի նորակառույց մայր տաճարն օծվել է

Ստեփանակերտի նորակառույց մայր տաճարն օծվել է

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին` Սուրբ Աստվածածնի ավետման տոնին, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությունը:

Արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի թեմի հոգևոր սպասավորներ, Արցախի և Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, եկեղեցու կառուցմանն իրենց աջակցությունը բերած բարերար հայորդիներ, Հայաստանի տարբեր թեմերից ժամանած եկեղեցականներ, ուխտավորներ և հավատավոր բազում արցախցիներ:

Օծման արարողության ժամանակ ջրով և գինով լվացվել են տաճարի Սուրբ Սեղանը և օծվելիք սյուները: Այնուհետև Հայոց Հայրապետը սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցու Սուրբ սեղանը։ Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և այլ երպիսկոպոսների ձեռամբ օծվել են խորանի` չորս ավետարանիչների անունը կրող սյուները և եկեղեցու մնացյալ սյուները:

Աղոթքներից և սուրբգրային ընթերցվածքներից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը նորակառույց եկեղեցին անվանակոչել է Սուրբ Աստվածածին:

Օծման արարողության ավարտին Նորին Սրբություն Գարեգին Բ կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է արցախահայությանը և Սուրբ Ավետման տոնի և եկեղեցու օծման առիթով իր հայրապետական պատգամը բերել ներկա ժողովրդին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---