Փաշինյանը՝ «Սպայկայի» շուրջ իրավիճակի մասին. Թող հանգիստ նստեն տեղները

Փաշինյանը՝ «Սպայկայի» շուրջ իրավիճակի մասին. Թող հանգիստ նստեն տեղները

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Սպայկա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է, որ վարչապետ ընտրվելուց հետո իրավապահ ու հարկային մարմիններն անընդհատ իրեն ահազանգել են, որ ընկերության հետ կապված կան լրջագույն խնդիրներ:

Նա նշել է,որ եթե «Սպայկան» ուզում է բոյկոտ անի, ուրեմն ուրիշ ընկերություններ ի հայտ կգան, շուկան կկարգավորվի: «Հեսա կտեսնենք՝ կկանգնեն, թե չեն կանգնի, շատ խելոք էլ կաշխատեն, որովհետև ոչ մեկ էսօր, առավել ևս իրենք, չեն համաձայնի միլիոնավոր դոլարների կորուստ ունենալ, ինչ է թե բոյկոտեն», - ասել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը։

Նա ասել է, թե իրեն հարց են տալիս, թե ինչո՞ւ չեն բարձրացնում ուսուցիչների աշխատավարձը։ «Չեմ բարձրացնում, որովհետև ոմանք հարկեր չեն վճարում։ Ում մոտենում ես, ասում է ուրեմն ռեստորանս կփակեմ, դե էդ դեպքում ոչ մեկ թող հարց չտա ինձ՝ ինչո՞ւ են թոշակները ցածր, ինչո՞ւ աշխատավարձերը չեք բարձրացնում: Որովհետև բոլոր ներդրողները չեն ուզում հարկ վճարեն ու սպառնում են, որ կփակեն աշխատատատեղերը: Այսինքն՝ էս ժողովրդին գերի՞ են վերցրել, իրենց կողոքվ անցնել չի կարելի, որովհետև իրենք մարդկանց կյանքը կանխորոշելու մանդատ ունե՞ն: Չունեն իրենք էդ մանդատը, թող հանգիստ նստեն տեղները», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Ես ասել եմ՝ ոնց օրենքով նախատեսված կարգն է, հետաքննեք, բայց այնպես արեք, որ աշխատանքային պրոցեսը չխաթարվի», - նշել է նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իր հրահանգը «ընկել է որոշ մարդկանց ականջով»։ «Նրանք սրանից առիթավորվել են ու սկսել են քննիչների հետ խոսել ձեռ առնելով, արհամարհանքով ու քննչական մարմինները խնդիր են դնում, ասում են՝ չհասկացանք, ուրեմն մենք չենք կարող գործը հետաքննենք», - ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ ինքը չի կարող որևէ գործի խոչընդոտել։

«Ես միջնորդել եմ, որ քննությունը տանեն էնպես, որ ընկերության աշխատանքը չխաթարվի, բայց դա չի նշանակում, որ որոշ մարդիկ գնան մտնեն սենյակներ, քննիչներին ձեռ առնեն, գնան իրենց տուն», - ասել է վարչապետը։

Ավելի վաղ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կալանավորել «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը): Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի, ընկերությունը 7 մլրդ դրամի հարկ է թաքցրել:Ղազարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նա ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ չի կարծում՝ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական պատվեր է:

«Սպայկա» ընկերության հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա էին սկսել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ՝ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին ազատ արձակելու պահանջով, նրանք փորձել են արգելափակել Տիգրան Մեծ պողոտան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---