Հայ ծանրամարտիկները ոսկի և բրոնզ են նվաճել ԵԱ-ում

Հայ ծանրամարտիկները ոսկի և բրոնզ են նվաճել ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Հակոբ Մկրտչյանը ոսկե մեդալակիր է դարձել Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում:

2018թ. Եվրոպայի Մ-23 առաջնության ոսկե մեդալակիր, Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցել է 371 կգ (164+207) արդյունք: Նա Եվրոպայի ռեկորդ է սահմանել երկամարտում:

Պոկում վարժությունում Հակոբ Մկրտչյանը չորրորդն էր, իսկ հրում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ: Եվրոպայի փոխչեմպիոն դարձած վրացի Ռևազ Դավիթաձեի երկամարտի արդյունքն էր 370 կգ (170+200): Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի առաջին մեդալն էր երկամարտում:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի երիտասարդական չեմպիոն ու փոխչեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 360 կգ (165+195) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունում 22-ամյա Հովհաննիսյանը 165 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Նա հաջող կատարել է բոլոր՝ 6 մոտեցումները:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելլա Յայլյանը (59 կգ) պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ և 5-րդ տեղը գրավել երկամարտում, Արմեն Գրիգորյանը (73 կգ) 9-րդն էր, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)՝ 8-րդը: 2016թ.Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) չէր կարողացել քաշ գցել եւ զրկվել էր մրցմանը մասնակցելու իրավունքից:

Հայաստանի հավաքականի կազմում Բաթումի են մեկնել նաև Լիաննա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ), Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը (102 կգ), աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---