Մասաչուսեթսի մայրուղիներում Never Forget վահանակներ են տեղադրվել

Մասաչուսեթսի մայրուղիներում Never Forget վահանակներ են տեղադրվել

PanARMENIAN.Net - «Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունն իր ամենամյա գործունեության շրջանակներում` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում, գլխավոր մայրուղիների վրա, մարտ-ապրիլ ամիսների ընթացքում բարձրացրել է 5 էլեկտրոնային վահանակ` հարգելով բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակը:

Վահանակները նաև հիշեցնում են միջազգային հանրությանը 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց Մեծ եղեռնի ողջ իրողությունը՝ որպես անհերքելի պատմական փաստ՝ «Երբեք չի մոռացվի» կարգախոսով:

Այս տարվա վահանակը ներկայանում է հայ պատանու դեմքով, որի մի մասը խավար է ու մռայլ, ինչպես 1915-ի վիրավոր Հայաստանը` խոցված օսմանյան կայսրության կողմից, իսկ մյուս կողմը լուսավոր է 2019-ի ծաղկուն ու պայծառ Հայաստանի նման:

«Վահանակի վրայի պատանին, որ 1915-ին որբացավ, ենթարկվեց ցեղասպանության կտտանքներին նույն պատանին է, որ բնօրրանից արմատախիլ արվելով` թափառեց աշխարհով մեկ, նույն պատանին է, որ ծնվեց օտարի հողի վրա, նույն պատանին է, որ ազատագրեց Արցախը և նույն պատանին է, որ 2019-ին հպարտ ապրում է ազատ անկախ Հայաստանում:

Ամեն մի հայի հոգում լինի հայրենիքում թե հայրենիքից դուրս ապրել է, ապրում է և ապրելու է նույն պատանին, որ երբեք չի մոռանալու և երբեք չի հրաժարվելու` պահանջելով դատապարտում և հատուցում անպատիժ եղեռնագործություն համար »,- իր խոսքում նշել է արվեստագետ, «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանը:

Էլեկտրոնային վահանակները կցուցադրվեն մինչեւ 2019 թ. ապրիլի 30-ը:

Ինչպես նախորդ 23 տարիների ընթացքում 2019-ին նույնպես վահանակների ակցիան հովանավորվում է «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության կողմից, որը անշահույթ կրթական մարդասիրական կազմակերպություն է՝ ձոնված աշխարհի խաղաղության պահապաններին և իրագործողներին, նաև նրանց, ովքեր ունեցել են քաջություն իրենց կյանքը վտանգելու մարդկության բարօրության համար։

«Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն՝ իրազեկելով մարդկային գոյավիճակի մասին, նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը։ Այն ծառայեցնում է արվեստն հանուն խաղաղության և չունի որևէ քաղաքական կամ կրոնական ուղղվածություն` առանցք ունենալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և Հայաստանի հեղինակության բարձրացումը արտերկրում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---