// IP Marketing video - START// IP Marketing video - END

Կոնցեռնի տնօրեն․ «ԱրարատՑեմենտը» վնասով չի աշխատում, կրճատումների պատճառը բիզնես շահն է

Կոնցեռնի տնօրեն․ «ԱրարատՑեմենտը»  վնասով չի աշխատում, կրճատումների պատճառը բիզնես շահն է

PanARMENIAN.Net - «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանը հանդիպել է «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ի՝ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցներին. նա հայտնել է, որ աշխատակիցներին կրճատելու որոշումը կայացվել է կոնցեռնի խորհրդի կողմից:

«Հայկական ժամանակի» փոխանցմամբ, Առուստամյանը հավելել է, որ գործարանի սեփականատեր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի կարող հանդիպել ակցիայի մասնակիցներին, «քանի որ քաղաքում չէ»:

Ավելի վաղ «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ 1200 աշխատակցի ծանուցում է ուղարկվել աշխատանքից հեռացման վերաբերյալ: Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում գործարանի սեփականատեր Ծառուկյանի հետ:

Աշխատակիցները Առուստամյանին հիշեցրել են, որ Ծառուկյանը նշել էր, թե ինքը չի քնի, եթե այս գործարանը չաշխատի, ապա հարց ուղղեցին՝ Ծառուկյանը տեղյա՞կ է այս ամենից, ինչին ի պատասխան Առուստամյանը դրական է պատասխանել:

Առուստամյանը նաև հայտնել է, որ ընկերությունը վնասով չի աշխատում:

Ընկերության աշխատակիցները ակցիայի ընթացքում նշել էին, որ փորձում են իրենց ուղղորդել, որպեսզի այլ տեղերում ճանապարհ փակեն, սակայն «ՀՀ կառավարության դեմ դուրս գալ չեն պատրաստվում»:

«Մենք հլը ուրիշ բաներ չենք խոսում: Մենք այստեղ աշխատել ենք ստրուկի կարգավիճակով, ահ ու վախով: Թող գան այդ հարցին որոշում տան, դեռ այնքան բաներ կան...: Չեն կարողանում, ասում եմ՝ բարի ճանապարհ իրենց: Մենք չունենք կենտրոնական ճանապարհ փակելու, մենք չունենք մեր վարչապետի դեմ դուրս գալու»,- հայտարարել են նրանք:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է գործարանի շուրջ ստեղծված աղմուկին. նա նշել է, որ «դա գործատուի ու աշխատողների խնդիրն է»։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը որոշել է սահմանափակումներ կիրառել ցեմենտի ներկրման ոլորտում՝ պետական տուրք սահմանելով այդ ապրանքատեսակի համար։ Որոշման նպատակն է պաշտպանել տեղական արտադրողներին:

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ներմուծվող իրանական ցեմենտը` դեմպինգային գներով տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում: Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հնարավորությունները բավարարում են արտադրելու մոտ 2.1-2.2 մլն տոննա ցեմենտ, ինչը կբավարարի ցեմենտի տեղական պահանջարկն ամբողջությամբ։

«Շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է պետության կողմից ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումների կիրառում` ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ, սակայն այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողներին «հանգստի ռեժիմի» հնարավորություն չի տա, այլ պայմաններ կստեղծի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու», - ասվում է հիմնավորման մեջ:

Ծառուկյանի հանձնարարությամբ, հունվարի 1-ից իջեցվել են ցեմենտի գները: Գործարարը հանձնարարել է նաև արդիականացնել «Արարատցեմենտ» գործարանը:

 Ուշագրավ
Ամուլսար տանող ճանապարհն արգելափակվել է նախորդ տարվա հունիսի 22-ից
«Կառավարությունն ունի քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության ամրապնդման և մարդկային կապիտալին ուղղված ներդրումների համար»
Գումարները հատկացվելու են նաև կառավարության կառուցվածքային բարեփոխումներին
Ավելի վաղ Երևանում բացվել է Holiday Inn Express հյուրանոցը