Ծառուկյան. Եթե կլինկերի վրա տուրք չդնեն, ցեմենտ չենք արտադրի

Ծառուկյան. Եթե  կլինկերի վրա տուրք չդնեն, ցեմենտ չենք արտադրի

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբկացության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրենց պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանում ստեղծված իրավիճակի «հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է»:

Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը տեղական արտադրողի համար մրցակցային պայմաններ ապահովելու համար Իրանից ներկրվող ցեմենտի վրա մաքսատուրք է սահմանել, բայց կլինկերի ներկրման մաքսատուրքը վերացնելու որոշում կա:

Ծառուկյանը նշել է, որ կլինկերը ցեմենտի արտադրության մեջ ամենաթանկ բաղադրիչն է:

«Այսօր 100,000 տոննա կլինկեր ստանալու համար հարկավոր է 3 մլն դրամի գազի գումար վճարել, 1,5 մլն հոսանքի գումար վճարել, 350 հոգու աշխատավարձ տալ: Եթե իրենք մտածում են՝ կլինկերի վրա տուրք չդնել, անձնական շահերի, ծանոթ-բարեկամով խնդիր լուծել, ես պահանջներ չունեմ, բայց հանձնաժողովի նախագահից պետք է միայն պահանջել, որ որոշումը փոխվի: Կառավարությունը որոշել էր, հարցը լուծված էր, թե ինչ փոխվեց, բոլորդ էլ կիմանաք հանձնաժողովի նիստի ժամանակ»,- ասել է Ծառուկյանը:

Նա նաև նշել է, որ այսօր այն գինը, որով այժմ արտադրում են ցեմենտը, իրենց ձեռնտու չէ, և ստեղծված իրավիճակում գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ կարող են մնալ առանց աշխատանքի, քանի որ շուկայում մնալու համար «ԱրարատՑեմենտը» ստիպված կլինի արտադրությունն իրականացնել ներկրված էժան հումքով:

Ավելի վաղ «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ 1200 աշխատակցի ծանուցում է ուղարկվել աշխատանքից հեռացման վերաբերյալ: Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում գործարանի սեփականատեր Ծառուկյանի հետ:

ՀՀ կառավարությունը որոշել է սահմանափակումներ կիրառել ցեմենտի ներկրման ոլորտում՝ պետական տուրք սահմանելով այդ ապրանքատեսակի համար։ Որոշման նպատակն է պաշտպանել տեղական արտադրողներին:

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ներմուծվող իրանական ցեմենտը` դեմպինգային գներով տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում: Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հնարավորությունները բավարարում են արտադրելու մոտ 2.1-2.2 մլն տոննա ցեմենտ, ինչը կբավարարի ցեմենտի տեղական պահանջարկն ամբողջությամբ։

«Շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է պետության կողմից ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումների կիրառում` ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ, սակայն այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողներին «հանգստի ռեժիմի» հնարավորություն չի տա, այլ պայմաններ կստեղծի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու», - ասվում է հիմնավորման մեջ:

Ծառուկյանի հանձնարարությամբ, հունվարի 1-ից իջեցվել են ցեմենտի գները: Գործարարը հանձնարարել է նաև արդիականացնել «Արարատցեմենտ» գործարանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---