Պինոն հրաժարվել է Նոտր Դամի համար նվիրատվության դիմաց հարկային արտոնություններից

Պինոն հրաժարվել է Նոտր Դամի համար նվիրատվության դիմաց հարկային արտոնություններից

PanARMENIAN.Net - Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար մեծ գումար նվիրաբերած հայտնի ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա Պինոն և նրա ընտանիքը հայտարարել են, որ մտադիր չեն օգտվել հարկային արտոնություններից, որը կարող են ստանալ խոշոր նվիրատվության համար, հայտնել է Reuters-ը:

Ավելի վաղ Ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն հայտարարել էր, որ 100 մլն եվրո (մոտ $113 մլն) կնվիրաբերի Աստվածամոր տաճարի վերականգման համար։ Պինոն նշել է, որ որոշումն ընդունվել է հոր՝ Ֆրանսուայի հետ համատեղ։

«Պինո ընտանիքը կարծում է, որ չպետք է պատասխանատվությունը բարդի ֆրանսիացի հարկատուների ուսերին»,-ասել է միլիարդատիրոջ որդին՝ Artemis ներդրումային ընկերության ղեկավար Ֆրանսուա-Անրի Պինոն:

Հայտնի ֆրանսիացի միլիարդատեր Պինոյի շռայլ նվիրտավությունը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին որոշ քաղաքական գործիչների կողմից քննադատության է արժանացել: Իսկ Ֆրանսիայի ամենահարուստ ընտանիքներից մեկը, որը Gucci-ի սեփականատերն է, հայտարարել է, որ չի օգտվի հարկային արտոնություններ ստանալու առիթից, գրում է Forbes.ru-ն:

Նոր հակակապիտալիստական կուսակցության ղեկավար Ֆիլիպ Պուտուն, օրինակ, գրել էր Twitter-ում, որ միլիարդատերերի նվիրատվությունները Նոտր Դամի վերականգնմանը ոչ այլ ինչ են, քան «հարկային խարդախների մրցույթ»:

Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է:

Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը դրամահավաք է սկսել Նոտր Դամի վերականգնման համար: Ապրիլի 16-ին արդեն մոտ 700 մլն եվրո էր հավաքվել ֆրանսիացի գործարարներից ու խոշոր ընկերություններից: Օգնելու ցանկություն էին հայտնել Պինո, Արնո, Բուիգի, Լադրե դե Լաշարյե և Բետանկուր-մայերս միլիարդատեր ընտանիքները, Total նավթագազային ընկերությունը, Փարիզի քաղաքապետարանը, արտասահմանցի հովանավորներ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---