ԱԺ-ն Մարտի 1-ի տուժածների փոխհատուցման նախագիծն է քննարկում

ԱԺ-ն Մարտի 1-ի տուժածների  փոխհատուցման նախագիծն է քննարկում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ն քննարկում է փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի կողմից շրջանառության մեջ դրված՝ Մարտի 1-ին տուժած քաղաքացիների փոխհատուցման նախագիծը:

«2008 թվականի մարտի1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագծով աջակցություն կտրամադրվի նշված իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին, նաև այն անձին, որի առողջությանը այդ գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

Լենա Նազարյանը հավելել է, որ քաղաքացիներին տրվելիք աջակցության ձևը սահմանելու է գործադիրը:

«Աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, կցվող փաստաթղթերի ցանկը և քննարկման կարգը սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ, որը պետք է լինի 3 ամսում: Իսկ քաղաքացիներն աջակցության համար կկարողանան դիմել 3 տարվա ընթացքում»,- նշել է Լենա Նազարյանը:

Մարտի 1-ի դեպքերից 11 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---