Վարչապետ. Պետք է բարձր աշխատավարձի քաղաքականություն վարենք

Վարչապետ. Պետք է բարձր աշխատավարձի քաղաքականություն վարենք

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանն ասել է, որ ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն:

«Բարձր աշխատավարձերի քաղաքականություն վարելու մեր կարևորագույն գործիքներից մեկը Հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է, ընդ որում՝ նախապայմանով, որ եկամտահարկը առաջիկա տարիներին պետք է նվազի՝ հասնելով 20%-ի: Մենք կարծում ենք, որ այսպիսով խրախուսում ենք բարձր աշխատավարձը, բարձր աշխատավարձի քաղաքականությունը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այսպիսով խրախուսում են նաև կրթությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին:

«Բարձր որակավորում ունեցող մասնագետ ասելով՝ նկատի ունենք ոչ միայն տեխնոլոգիական ոլորտը: Հույս ունենք, որ առաջիկայում Հայաստանում էականորեն կզարգանա բորսայական համակարգը: Մեր կառավարությունն այս ուղղությամբ նույնպես աշխատանք է տանում, և մենք փորձում ենք Հայաստանում գտնել պետական ընկերություններ, որոնց արժեթղթերը հնարավոր կլինի դուրս բերել շուկա, ինչպես նաև փորձել որոշակի կարգավորումներով խրախուսել մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք գնան այդ ճանապարհով: Իհարկե, Հայաստանում բանկային համակարգը բավական կայացած է, նաև ծառայությունների որոշակի համակարգ է կայացած, որտեղ նույնպես մենք կարող ենք ասել, որ բարձր որակավորմամբ մասնագետներ ներգրավելու պոտենցիալ կա»,- ասել է վարչապետը:

Նա նշել է նաև, որ նույնիսկ մեծ ջանքերի դեպքում հնարավոր չի լինի Հայաստանի աշխատուժն ամբողջությամբ բերել նույն որակավորման:

«Մենք հասկանում ենք, որ այստեղ որոշակի շերտավորումն անխուսափելի է, և այդ շերտավորման բերած խնդիրները սպասարկելու առումով է, որ մենք որպես առաջնահերթություն սահմանել ենք գյուղատնտեսության ոլորտը, որը, ըստ էության, համարում ենք տեխնոլոգիաների հետ առնչվող, նաև զբոսաշրջության ոլորտը: Կարծում ենք, որ աշխատուժի այն հատվածը, որը չի տեղավորվի մեր ասած բարձր որակավորման սեգմենտում, կարող է տեղավորվել այս հատվածում՝ ապահովելով փոքր և միջին բիզնեսի զարգացման որոշակի դինամիկա, ապահովել բարեկեցության որոշակի մակարդակ և ապահովել անհատական ջանքը գործադրելու որոշակի հնարավորություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ հարկային օրենսգրքի նախագծով եկամտահարկը 25%, 28% և 36%-ից կդառնա համահարթ՝ 23%, իսկ մինչև 2023 թվականը՝ 20%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---