Փաշինյան. 22 տարեկանում պետք է ունենալ բարձրագույն կրթություն, 3 տարվա ստաժ և 3 լեզու իմանալ

Փաշինյան. 22 տարեկանում պետք է ունենալ բարձրագույն կրթություն, 3 տարվա ստաժ և 3 լեզու իմանալ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում անդրադարձել է աշխատաշուկայի պահանջներին և այդ սպասումներին մասնագետների որակական անհամապատասխանությանը: «Օգտատերերից մեկը գրել էր՝ 22 տարեկան եմ, ուզում եմ աշխատել, բայց ինձնից պահանջում են բարձրագույն կրթություն, երեք տարվա աշխատանքային ստաժ և երեք օտար լեզուների իմացություն»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ օգտատերը դա համարում էր աբսուրդ:

«Առաջին հայացքից կարող է թվալ, որ իսկականից աբսուրդ է, բայց եթե նայում ենք ժամանակակից չափանիշների տրամաբանությունից, մեր խնդիրը պետք է հենց դա լինի, որ Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացին կամ առնվազն քաղաքացիների մի մասը, կամ առնվազն իգական սեռի ներկայացուցիչները, որոնք ժամկետային զինվորական ծառայություն չեն անցնում, 22 տարեկանում, այո՛, պետք է ունենա բարձրագույն կրթություն, 3 լեզու պետք է իմանա և 3 տարվա մասնագիտական ստաժ ունենա»,- ասել է նա, գրում է «Հայկական ժամանակը»:

Վարչապետը կարծիք է հայտնել, որ մենք անընդհատ ուզում ենք աշխատանքային չափանիշները հարմարեցնել մեզ, և ոչ թե մեզնից յուրաքանչյուրը փորձում է հարմարվել աշխատաշուկայում գոյություն ունեցող պահանջարկին: «Եվ այս առումով կարևոր է հասկանալ՝ երբ ասում ենք մագիստրոս, մենք ինչ նկատի ունենք, այդ մագիստրոսին ինչի համար ենք պատրաստում, հետագայում նա ինչ է անելու»,- հարց է առաջ քաշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաև այն խնդրին, որ բուհական համակարգում դիմորդներին առաջարկվող մասնագիտություններն ընտրվում են ավանդույթի ուժով:

«Հետո երբ տալիս ենք բարձրագույն կրթության դիպլոմ, մենք չենք երաշխավորում, որ նա այդ որակավորմանը համապաատսխանող մասնագետ է: Մենք շատ բան թողնում ենք անհատի վրա, թե ինչքանով նա դա կլրացնի ինքնակրթությամբ»,- ասել է վարչապետը: Նա նաև կարևորել է այն վստահությունը, որ բարձրագույն կրթություն ստացող մարդը պետք է իմանա՝ իր կրթությունն իրեն հնարավորություն է տալու գտնել աշխատանք և ապահովել բարեկեցության գոնե նվազագույն մակարդակ: «Հակառակ դեպքում ինչ նպատակի է ծառայում մեր բարձրագույն կրթությունը»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---