«Լույսը» մեղադրում է Մարությանին աղբահանության հարցը ձախողելու մեջ

«Լույսը» մեղադրում է Մարությանին աղբահանության հարցը  ձախողելու մեջ

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ավագանու նիստում հայտարարել է, որ կոռուպցիան ծանրաքարշ արգելակ է քաղաքի զարգացման համար, սակայն վերջինիս հաղթահարումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է քաղաքի զարգացման համար։

«Կառավարությունը շուրջ 40 րոպե քննարկում էր մի հարց, որը բացառապես քաղաքային իշխանության տիրույթում է՝ աղբահանությունը։ Հարցի բովանդակությանը շատ եմ անդրադարձել, մանրամասներին չեմ տրվի, միայն կասեմ, որ 6 ամիս անց արձանագրում եմ, որ աղբահանության լուծման խնդրի հարցում դուք ձախողել եք, հարգելի գործընկերներ։ Եվ դա է պատճառը, որ կառավարությունը միջամտեց այս խնդրին», - հայտարարել է Դավիթ Խաժակյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ այսօրվա խնդիրները բխում են ընտրությունների տրամաբանությունից, քանի որ ընտրությունները վերածվեցին սևի ու սպիտակի, խորհրդարանն արձակելու մանդատի ընտրությունների, որի արդյունքում ձևավորվեց 57 հոգանոց խմբակցություն։ «Հետագայում խորհրդարանն արձակվեց, ընտրվեց նոր խորհրդարան, իսկ քաղաքը մնաց այն քաղաքային իշխանության հույսին, որը ձևավորվեց որպես կողմնակի էֆեկտ խորհրդարանի արձակման գործընթացին», - ասել է Դավիթ Խաժակյանը։

Նրա խոսքով՝ նախընտրական շրջանի այդ հռետորաբանությունը վարչապետ Փաշինյանի ընտրած բանաձևն էր, որը կյանքի կոչվեց սեպտեմբերի 23-ի ընտրություններին։«Բայց ամեն ինչ իր գինն ունի։ Երբ փորձում ես ամեն ինչ ստանալ շատ և միանգամից, խնդիրներ են առաջանում։ Եվ այդ գինը մենք տեսանք օրեր առաջ կառավարության նիստում, երբ 40 րոպե քննարկվում էր բացառապես քաղաքային իշխանության տիրույթում գտնվող հարցը»,-ասել է Խաժակյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ իր ելույթում ասաց, որ այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ, անհարգալից վերաբերմունք էր ավագանու ընդդիմադիր երկու խմբակցությունների հանդեպ։ «Փաստացի դուրս է գալիս այնպես՝ երբ որ դուք նեղն եք ընկնում, կոչով դիմում եք բոլոր երեք խմբակցություններին», - ասել է նա։ Մանրիկյանը նկատել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը կամազների գնման նախագծի մասին, որ պետք է քննարկվեր կառավարությունում, նախօրոք չի տեղեկացրել ընդդիմադիր երկու ուժերին։

Քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին ասել է, որ «ինքը նեղը չի ընկել, չի ընկնում ու չի ընկնելու»։«Դա ձեզ ես վստահեցնում եմ, իսկ եթե ավագանին ուզում է իմ կողքին լինել, ես միշտ պատրաստ եմ, իսկ եթե չի ուզում, ես չեմ կարող ստիպել», - ասել է նա՝ հավելելով, որ , իրենց խմբակցության ավագանու անդամներն էլ տեղյակ չեն այն գործերից, որն անում է քաղաքապետարանը։ «Այսպիսի կետ չկա, որ մենք պարտավոր ենք ամեն մի քայլը տեղեկացնել», - ընդգծել է քաղաքապետը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---