Կալանավորը թանկարժեք իրեր հափշտակող հանցավոր խումբ է կազմակերպել (վիդեո)

Կալանավորը թանկարժեք իրեր հափշտակող  հանցավոր խումբ է կազմակերպել

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր:

Ծառայության լրատվական կենտորնի փոխանցմամբ, քննչական դեպարտամենտում 2019 թվականի փետրվարին հարուցված քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՔԿՀ կալանավորը կազմակերպել է հանցավոր խումբ, որի անդամները List.am կայքի միջոցով բջջային հեռախոսների և այլ իրերի վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տված անձանց հետ կապ հաստատելուց հետո, վերջիններիս վստահությունը չարաշահելով ապրանքի համար նրանց առաջարկել են բարձր գին, պայմանավորվել, հանդիպել, այնուհետև խաբեությամբ հափշտակել գույքը:

Քրեակատարողական հիմնարկում կատարված անսպասելի խուզարկությունների արդյունքում որոշ կալանավորների խցերում՝ ներկառուցված թաքստոցներում, հայտնաբերվել են Wi-Fi սարքեր, պլանշետներ, հեռախոսաքարտեր, բջջային հեռախոսներ, այդ թվում՝ կապի այն միջոցները, որոնք օգտագործվել են վերը նկարագրված հանցագործությունը կատարելիս:

Խուզարկությունների անակնկալ կատարումը թույլ է տվել պարզել նաև, որ կալանավայրի խցերում անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվել, մասնավորապես՝ բաց են եղել որոշ խցերի կերակրադռներ, առանձին կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի այսպես կոչված «նայողի» խուցն առհասարակ բաց է եղել, և նա կանգնած է եղել դրսի կողմից մուտքի մոտ:

Խուզարկությամբ հայտնաբերված իրերն առգրավվել են: Միջոցներ են ձեռնարկվում քրեակատարողական հիմնարկում արգելված իրերի հայտնվելու ուղիները, մեխանիզմները և դրան առնչակից անձանց բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում բազմաթիվ հանցագործություններ համակարգվում է քրեակատարողական հիմնարկներից:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---