Բակո Սահակյան. Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ

Բակո Սահակյան.  Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ

PanARMENIAN.Net - Միասնությունն է հայ ժողովրդին դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ՝ Հայրենիքը զորացնելու ու զարգացնելու ճանապարհին: Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ապրիլի 24-ի ուղերձում:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես ամեն տարի ապրիլի 24-ին, այնպես էլ այսօր մեր ողջ ժողովուրդը սգում և ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1,5 միլիոն հայերի, ովքեր սրի քաշվեցին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից: Դա մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի ու հրեշավոր ծրագրերից մեկն էր, որը դարձավ խարան հետագա սերունդների համար:

Այս օրը մենք բոլորս միասին ենք՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, միասին ենք հոգով ու մտքով, բոլորս ծաղիկ ենք խոնարհում մեր սրբադասված նահատակների հիշատակին, բոլորիս սիրտը մղկտում է նույն ցավից ու ցասումից:

Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ, տոկուն ու անսասան՝ Հայրենիքը զորացնելու ու զարգացնելու, հայոց անկախ պետականությունը ամրապնդելու ճանապարհին: Սա է մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր ապագայի գրավականը, սա է մեր պատասխանը ցեղասպանություններին:

Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր հայ ժողովրդի կողքին էին այն ծանր օրերին, օգնության ձեռք մեկնեցին հայրենազուրկ, որբ ու անօթևան մնացած մեր հայրենակիցներին: Երախտապարտ ենք նրանց, ովքեր այսօր էլ մեզ հետ են, իրենց ձայնն են բարձրացնում՝ հանուն Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության, բարու և արդարության հաղթանակի:

Մենք միշտ վառ ենք պահում մեր անմեղ զոհերի հիշատակը և այսուհետ էլ կանենք հնարավորը, որպեսզի այլևս երբեք ողբերգություններ չլինեն, որպեսզի մեր ժողովուրդը տոնի միայն հաղթանակներ»,- ասված է Բակո Սահակյանի ուղերձում։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---