ԱԳՆ-ն՝ Թուրքիային. Ցեղասպանությունը ժխտողականությամբ արդարացնելը ամոթալի և վտանգավոր է

ԱԳՆ-ն՝ Թուրքիային. Ցեղասպանությունը ժխտողականությամբ արդարացնելը ամոթալի և վտանգավոր է

PanARMENIAN.Net - ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ պաշտոնական Անկարայի հայտարարություններին, ասել է, որ Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է:

Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ «Հայաստանը վախենում բացել 1915թ․ իր արխիվները, քանի որ դրանից հետո աշխարհը ապացույցներ կստանա, որ 1915թ․ իրադարձությունները «հայերի ցեղասպանություն» չէ, այլ հակառակը՝ հայկական հրոսակախմբերի կողմից Օսմանյան կայսրությունում մուսուլման բնակչության ցեղասպանություն և ոչնչացում»: Իսկ օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն նշել էր, որ իրենց նախնիներով ու պատմությամբ հպարտանում են, քանի որ իրենց պատմության մեջ ցեղասպանություն, գաղութատիրություն չի եղել:

«Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ կարող եմ ցավով արձանագրել, որ մենք այս ողջ ժամանակահատվածում ականատես ենք եղել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման տարբեր ձևերի: Ժխտումը եղել է հետևողական, իսկ ժխտման ձևերը և բովանդակությունը՝ ոչ։ Դրանք մշտապես ենթարկվել են փոփոխությունների, մեկ փորձել են հավասարության նշան դնել ցեղասպանության կատարողների և զոհերի միջև, իսկ այժմ էլ ցեղասպանության մեջ մեղադրում են դրա զոհերին և արդարացնում կատարողներին։ Հաճախ գործի են դրվում ուղղակի կեղծիքներ, ինչպես օրինակ մեր արխիվների փակ լինելու դրույթը, երբ ցեղասպանությամբ զբաղվող բոլոր մասնագետները գիտեն, որ Հայաստանի արխիվները բաց են։ Ժխտողական մտքի այս վայրիվերումները վկայում են ճշմարտության դեմ դրանց անզորության մասին, իսկ Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչված իրողություն է միջազգային համայնքում»,-ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։

Նա նշել է նաև, որ Ցեղասպանությունը ժխտողականությունը խրախուսում է մարդկության և քաղաքակրթության դեմ նոր հանցագործություններ, ինչի դեմ պայքարը միջազգային համայնքի առաջնային պարտավորությունն է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---