Երեխաների մուտքը մանկատուն կանխելու համար պետությունը «Բարի մամա» ՀԿ-ի հետ կգործակցի

Երեխաների մուտքը մանկատուն կանխելու համար պետությունը «Բարի մամա» ՀԿ-ի հետ կգործակցի

PanARMENIAN.Net - ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարությունները և «Բարի մամա» հասարակական կազմակերպությունն ստորագրել են գործակցության եռակողմ հուշագիր, որն ուղղված է մանկատներ երեխաների մուտքը կանխելուն և ընտանիքում ապրելու նրանց իրավունքի ապահովմանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Զարուհի Բաթոյանը նշել է, որ կանխարգելումը չափազանց կարևոր է, քանի որ մանկատանը հայտնվելուց հետո երեխայի վերադարձն ընտանիք կրկնակի բարդանում է։

«Այս հուշագրի ստորագրմամբ մենք սկսում ենք բարդ ու դժվարին գործընթաց: Մենք հանդիպելու ենք բազմաթիվ խոչընդոտների, բայց ես համոզված եմ՝ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հասնել շատ ավելի լուրջ, հիմնավոր արդյունքների, քան մեզանից յուրաքանչյուրը՝ առանձին-առանձին: Մեր կողմից ուզում եմ նշել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աստիճանաբար ավելացնելու է ընտանիքներին տրամադրվող աջակցության ծավալները, տրամադրվող ծառայությունների տեսակները, որպեսզի ընտանիքն իրեն միայնակ չզգա՝ իր խնդրի հետ առերեսվելիս»,- ասել է նախարարը:

Նա նաև նշել է, որ այս գործընթացում կարևոր է հասարակական կազմակերպությունների և անհատների կուտակած փորձը, որի կարող է դառնալ պետական քաղաքականության հիմք:

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ քաղաքակիրթ աշխարհը ձգտում է ձերբազատվել հատուկ տիպի խնամքի հաստատություններից՝ հատկապես մանկատներից։

«Ես կարծում եմ, որ մեր պետական քաղաքականությունը ևս պետք է ուղղված լինի այն հեռանկարին, որ մեր երկրում չպետք է լինեն երեխաներ, ովքեր զրկված կլինեն ծնողական խնամքից: Այս հուշագրի շրջանակներում մենք փորձելու ենք սկիզբ դնել մի գործընթացի, որ երկար տարիներ թերացել է: Խոսքը ծննդատներում երեխաներից հրաժարվելու դեպքում ընտանիքներին աջակցության տրամադրումն է՝ հոգեբանական, սոցիալական և առողջապահական, որպեսզի նրանք վստահ լինեն, որ բավարար ուժեղ են՝ իրենց երեխային չլքելու համար: Հուշագրի շրջանակներում, «Բարի մամա» ՀԿ-ի աջակցությամբ վերապատրաստելու ենք բուժաշխատողներին, որպեսզի նրանք, ծնողների հետ ուղիղ աշխատանքի միջոցով, կարողանան օգնություն ցուցաբերել՝ որոշում կայացնելու գործընթացում: Բացի այդ, փորձելու ենք լուծել ժամանակավոր կացարանի հարցը, որպեսզի այն ծնողները, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողանա վերադառնալ ընտանիք, կացարան ունենան»,- ասել է Արսեն Թորոսյանը:

«Բարի մամա» հասարակական կազմակերպությունը վերջին հինգ տարում կարողացել է կանխել 107 երեխաների մուտքը մանկատուն: Կազմակերպության ջանքերով ստեղծված «Բարի տնակում» այսօր ապրում է 4 կին՝ 6 երեխայի հետ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---