// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ալիև. ՀՀ-ն «գրավել է մեր պատմական հողերը՝ ԼՂ-ն ու Ադրբեջանի ևս 7 շրջան»

Ալիև. ՀՀ-ն «գրավել է մեր պատմական հողերը՝ ԼՂ-ն ու Ադրբեջանի ևս 7 շրջան»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բացակայում է ՄԱԿ ԱԽ բանաձևերի իրականացման մեխանիզմ, այդ թվում ղարաբաղյան հակամարտությանն առնչվող: Նա հայտարարել է,թե ՄԱԿ ԱԽ բանաձևերը թղթի վրա են մնացել: «Հայաստանը շարունակում է օկուպացնել մեր պատմական հողերը՝ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի ևս 7 շրջան»,-ասել է նա Բաքվում ընթացող Միջմշակութային երկխոսության համաշխարհային համաժողովում, հայտնում է Interfax.az-ը:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են 1993 թ.՝ ակտիվ ռազմական գործողությունների ժամանակաշրջանում, և նպատակ էին հետապնդում վերջ դնել պատերազմին և սկսել քաղաքական երկխոսություն։

Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամբողջ աշխարհն է ճանաչում և այն «պետք է վերականգնվի, իսկ հակամարտությունը պետք է կարգավորվի ըստ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ կանոնադրության, ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևերի և Հելսինկյան եզրափակիչ ակտի»:

ՄԱԿ-ը Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադարձել է դեռևս մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը։ 1991-ի մարտի 5-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվել է ԼՂԻՄ-ում տիրող իրավիճակը և նշվել, որ Արցախում ոտնահարվում են հայ բնակչության ազատությունները, նրա ինքնորոշման իրավունքը։ՄԱԿ-ի ԱԽ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ 1993 թվականին ընդունել է չորս բանաձև։

Ավելի վաղ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել էր. «Բոլոր չորս բանաձևերի կարևորագույն պահանջը՝ կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումն էր։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն այդպես էլ չիրականացվեցին Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը կտրականապես մերժեց ռազմական գործողությունները դադարեցնելու պարտավորությունների առնչությունն իր նկատմամբ, միևնույն ժամանակ` պնդելով ռազմական անվտանգությունը խաթարող միակողմանի՝ Արցախի կողմից զիջումների վրա: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի փորձերը՝ ներկայացնել իր իսկ կողմից տապալված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ որպես պարտադիր ուժ կրող, զուրկ են որևէ իրավական փաստարկներից և հետապնդում են բանակցային գործընթացին հակասող քողարկված նպատակներ»։

 Ուշագրավ
Այցը տեղի կունենա ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով
Նշվում է, որ խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ
«Նրա կյանքը միշտ տոկունության խորհրդանիշ կլինի մեզ համար»,-ասել է պրոֆեսոր Դեմիրճյանը
Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, The HALO Trust ծրագիրն անհամար թվով կյանքեր է փրկել