Պետդեպ. ԱՄՆ-ն ուզում է նպաստել ԼՂ խաղաղ կարգավորմանը

Պետդեպ. ԱՄՆ-ն ուզում է նպաստել ԼՂ խաղաղ կարգավորմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, լուրջ է վերաբերվում իր պատասխանատվությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով և հավատարիմ է հիմնախնդիրը խաղաղ լուծելու նպատակով կողմերին աջակցելու ձգտմանը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջորջ Քենթը:

«ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում իր պատասխանատվությանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի: Մենք ուրախ ենք, որ կողմերի միջև հանդիպումներ են տեղի ունեցել ղեկավարների և ԱԳ նախարարների մակարդակով: Կողմերը պայմանավորվածությունների են հասել շփման գծում լարվածության նվազեցման առումով: Վերջերս Մոսկվայում ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը գոհացուցիչ համաձայնություններ են ձեռք բերվել»,-ասել է Քենթը, գրում է ՏԱՍՍ-ը:

Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը Վաշինգտոնում կազմակերպելու հավանականությանը՝ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, ապա չեմ կարող ասել, որ անցկացման վայրը որոշված է: Բայց վստահ եղեք, որ ԱՄՆ-ի վերաբերմունքն իր պարտականություններին լուրջ է: Մենք ցանկանում ենք սատարել գործընթացին, որը կհանգեցնի հակամարտության խաղաղ հանգուցալուծման: Մենք հավատարիմ ենք հիմնախնդիրը խաղաղ լուծելու նպատակով կողմերին աջակցելու ձգտմանը»,-ասել է նա:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել Վաշինգտոնում՝ շարունակելու համար ղարաբաղյան կարգավորման շուրջ քննարկումները:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն ապրիլի 15-ի հանդիպմանը վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

 Ուշագրավ
Ռոբերտ Մենենդեսը, կրկին անգամ Սենատում բարձրացրել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
Փաստաթուղթը վավերացրել է ԵՄ անդամ 28 երկրներից 17-ը
Վարչապետն ասել է, որ ամեն ամիս իր աշխատավարձից 10,000 դրամ է փոխանցելու հիմնադրամին
Նշվում է, որ ցածր սակագների պատճառով ՀՀ-ից արդեն հեռացել է մեկ այլ ռուսական էներգետիկ ընկերություն՝ «Ինտեր ՌԱՕ»-ն