Ստամբուլում «շերեփում են» Էրդողանին

Ստամբուլում  «շերեփում են» Էրդողանին

PanARMENIAN.Net - Ստամբուլի շրջաններից շատերի բնակիչները «կաթսաներով բողոք» են ձեռնարկել ԿԸՀ կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկելու կապակցությամբ:

Թուրքիայի բարձրագույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղարկել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները, որտեղ հաղթել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն:

Ստաբուլի բնակիչները, հիմնականում Բեշիկթաշ, Կադիքեյ, Շիշլի շրջաններից, ԿԸՀ որոշումը դիմավորել են բողոքի ակցիայով՝ շերեփներով հարվածելով կաթսաներին ու թավաներին: Բողոքները սկսվել են երեկոյան ժամը 10-ին Բեշիկթաշ և Ֆերիքյոյ թաղամասերում, հետո միացել են մյուս շրջանները: Բողոքողներին ձայնակցում էին նաև ավտոմեքենաների վարորդները՝ ազդանշաններով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սոցցանցերի օգտատերերը տեսանյութեր են հրապարակում համացանցում, որտեղ քաղաքի թաղամասերում լսվում է կաթսաների խլացուցիչ զրնգոցը պատուհաններից ու պատշգամբներից: Նույն ձևի բողոքներ էին Թուրքիայում նաև 2013-ին, երբ իշխանությունները մտադիր էին կառուցապտել Գեզի զբոսայգին:

Կադրերում երևում է, թե ինչպես են Ստամբուլի բնակիչները բացում պատուհաններն ու պատշգամբները, հարվածում կաթսաներին, թավաներին, որոշ բնակարններում վառում-մարում են լույսը, ավտոմեքենաններն էլ ազդանշաններ են արձակում:

Ըստ սոցցանցերի հաղորդագրությունների, մի քանի հարյուր ցուցարար հավաքվել է Բեշիկթաշի շրջանում: Նրանք վանկարկում են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) կարգախոսը՝ «իրավունք և արդարություն»:

Մարտի 31-ին կայացած Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքում Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչը, որը գրեթե 15,000 քվե ավելի էր ստացել երկրի նախկին վարչապետ Բինալի Յիլդիրիմից, որին առաջադրել էր իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ): ԱԶԿ-ն բողոքարկել էր ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով բազմաթիվ խախտումների մասին: ԿԸՀ-ն ձայների մեծամասնությամբ չեղարկել է ընտրությունների արդյունքները:Նոր ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---