Փաշինյանը Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորել է Տուսկին և Յունկերին

Փաշինյանը Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորել է Տուսկին և Յունկերին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպայի օրվա առթիվ, հայտնել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նա նշել է, որ կարևորում է ՀՀ-ԵՄ համընդգրկուն գործակցությունը և այդ գործակցությունը կանոնակարգող՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը:

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այդ առանցքային փաստաթղթի իրագործումը, որը լիարժեքորեն համահունչ է կողմերի որդեգրած արժեքներին, ինչպես նաև կառավարության ձեռնարկած լայնածավալ բարեփոխումների օրակարգին, առավելագույնս կնպաստի երկրում ժողովրդավարության ու սոցիալ-տնտեսական զարգացմանը։

«Երկրորդ աշխարհամարտից հետո միացյալ Եվրոպայի ստեղծումը փաստեց, որ առաջադեմ, զորեղ և խաղաղասեր հասարակությունները խարսխված են մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և ժողովրդավարության սկզբունքների վրա: Եվրոպական արժեքները մեզանում լավագույնս դրսևորվեցին ուղիղ մեկ տարի առաջ, երբ հայ ժողովուրդն իր վճռական քայլը կատարեց՝ հիմք դնելով մեր երկրում ինստիտուցիոնալ և համապարփակ ժողովրդավարական համակարգի զարգացմանը։ Հաշվի առնելով, որ այս տարի մենք տոնում ենք Արևելյան գործընկերության հոբելյանական 10-րդ տարեդարձը, ցանկանում եմ իմ գնահատանքը հայտնել այն ներդրման համար, որ համագործակցության այդ ձևաչափն ունեցել է մեր երկրի և առհասարակ տարածաշրջանի բարգավաճման և կայուն զարգացման հարցում: Լիահույս եմ, որ Արևելյան գործընկերությունը կգրանցի նորանոր ձեռքբերումներ և կշարունակի իր հաստատակամ զարգացումը», - գրել է վարչապետը։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---