Հովհաննիսյան. Նախագահը պետք է պահպանի ՀՀ Սահմանադրությունը

Հովհաննիսյան. Նախագահը պետք է պահպանի ՀՀ Սահմանադրությունը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն, իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով 2018-ի հոկտեմբերի 2-ի իրադարձություններին, կարևորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարումը: Նա նշել է, որ «այսօր երկրում ստեղծված վիճակի համար մասնակից ու պատասխանատու է համարում նաև ՀՀ նախագահին»:

«Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի շրջափակման, նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարման և ՀՀ ապագայի մասին՝ երկար է մի փոքր, բայց կարդալ արժե կարծում եմ: Ինչպես խոստացել էի, անդրադառնում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ որոշմանը, դրա քաղաքական և իրավական գնահատականներին և հետևանքներին։

2018-ի հոտեմբերի 2-ին, երբ Նիկոլ Փաշինյանի մանիպուլիացիաների պատճառով ամբողջովին պաշարված Ազգային ժողովում ընդունվում էր այս օրենքը, ապրումների ու հույզերի այդ ողջ հորձանուտում ես գեթ մի վայրկյան չեմ կասկածել նախագծի սահմանադրականության և դրա ընդունման ընթացակարգի իրավաչափության մեջ, քանի որ նախագիծը մշակելիս ամեն բառ, ամեն ստորակետ գրվել էր Սահմանադրության ոգուն համապատասխան։ Սահմանադրական դատարանը ևս փաստեց սահմանադրական արժեքներին մեր նվիրվածությունը։

Այս պատմության մեջ ես շատ եմ կարևորում նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարումը։ Մեր իրավացիությունը չէր հաստատվի, եթե Նախագահ Արմեն Սարգսյանը, օրենքի ընդունումից հետո չդիմեր Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար։ Իրականում հոկտեմբերի 2-ի գիշերը, իմ շատ գործընկերներ ինձ հարց էին տալիս, թե արդյոք նախագահը կստորագրի օրենքը, թե ոչ։ Իմ պատասխանը միանշանակ էր՝ իհարկե կստորագրի, քանի որ որևէ հակասահմանադրականություն չկա։ Այդ պահին, իմ մտքի ծայրով չէր էլ կարող անցնել, որ Արմեն Սարգսյանը քաղաքական շանտաժը և Նիկոլ Փաշինյանի քիմքին հաճոյանալը կգերադասի իր սահմանադրական բուն պարտականությունների կատարումից»։

Հովհաննիսյանը հավելել է նաև, որ իրավաբանության հետ գոնե չնչին առնչակցություն ունեցող անձանց համար ավելի քան պարզ էր` օրենքը սահմանադրական էր, և «վստահաբար նախագահի աշխատակազմի իրավաբանների համար ևս հստակ էր, որ սահմանադրականության խնդիր չկար»։

«Ուստի Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու պատճառը իրավական չէր, այլ զուտ քաղաքական։ Հետաքրքիր է, որ նախագահի մոտ կայուն սովորություն է ձևավորում չդիմել Սահմանադրական դատարան ակնհայտ հակասահմանադրական օրենքների դեպքում(եթե ցանկանում է՝ կարող եմ ներկայացնել այն հակասահմանադրական օրենքները, որ նա առանց գեթ մի վայրկյան վարանելու ստորագրել է) և հակառակը՝ դիմել այն ժամանակ, երբ ինքը տեսնում է իր քաղաքական նպատակահարմարությունը։ Պարզ վկայությունն այն է, որ այս ընթացքում Նախագահը երկու անգամ է դիմել ՍԴ, երկուսն էլ՝ քաղաքական դրդապատճառներով։ Ինչպես հիշում եք, մյուս դեպքում ՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն էր (գործընկերներս՝ Ռուբեն Մելիքյանը և Սիրանուշ Սահակյանը մանրամասն անդրադարձել են այս հարցին իրենց զեկույցում)։

Հիմա տեսնենք, այս անգամ ում է երկրի ղեկավարը ներկայացնելու որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու, կրկին լինե՞լու է քաղաքական հաշվարկների մեջ, թե ոչ։

ՍԴ դիմելով՝ պարոն Նախագահը ցույց տվեց, որ Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները ինքը օգտագործում է ոչ թե պատասխանատվություն ստանձնելու, այլ ամեն կերպ պատասխանատվությունից խուսափելու և վերջնական որոշման կայացման բեռը այլ մարմինների վրա բարդելու համար։ Իրավունք ունի՞ արդյոք պետական ինստիտուտը իր լիազորությունը օգտագործել՝ քաղաքական շանտաժին տուրք գնալով: Վստահ եմ` ոչ:

Եթե «փոքր» լիազորություններն օգտագործվում են այսքան անարդյունավետ, ապա ի՞նչ իմաստ ունի ակնկալել ավելի լայնը:

Պարոն նախագահը նաև ապացուցեց այն թեզը, որ եթե ուզում ես բոլորը քեզ սիրեն, չպետք է ընդունել պատասխանատու որոշումներ, ասել է թե, դա է համաժողովրդական սիրո բանաձևը։

Կարծում եմ՝ երկրի ղեկավարը պետք է լինի ոչ միայն և ոչ այնքան սիրելի, որքան արդար՝ նվիրված Սահմանադրությամբ իրեն վերապահված դերին։ Իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը նրա համար վերապահել է կարևորագույն դեր՝ հետևել Սահմանադրության պահպանմանը:

Այդ գործառույթը պետք է իրականանար հոկտեմբերի 2-ին հաջորդող օրերին, երբ ակնառու էին Սահմանադրության աղաղակող խախտումները: Հատկապես, երբ պարտավոր ես և չես ընդդիմանում սխալ քայլի կատարմանը, մասնակից ես դառնում դրան:

Այսօր երկրում ստեղծված վիճակի համար մասնակից ու պատասխանատու համարում եմ նաև ՀՀ նախագահին:

Իսկ եթե այնուամենայնիվ նախագահը գործում էր այն մտայնությամբ, որ Ազգային ժողովը չի արտացոլում ժողովրդի կամքը, ապա ազնիվ էր,ոչ թե Սահմանադրական դատարան դիմելը, այլ այդ «ոչ լեգիտիմ» Ազգային ժողովի կողմից ստացած մանդատից հրաժարվելը։

Սա է պատճառը, որ Արմեն Սարգսյանի որևէ քաղաքական նախագիծ, որը ուղղված է Նիկոլ Փաշինյանի իշխանության քննադատմանը չի կարող համարվել ազնիվ ու արդար:

Հ.Գ. Այս օրենքը ճակատագրի հեգնանքով կծառայի դրա դեմ դուրս եկած իշխանությանը, բայց հոգ չէ, քանզի իրենց հեռացումը այդ ճանապարհով չի լինելու.....Հայաստան պետությունը երկրորդ այսպիսի փորձության ուղղակի չի դիմանա:

Հ.Գ. 2 Քրեական օրենսգրքի 300.1 ( սահմանադրական կարգի տապալում) և 301.1 (Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, սահմանադրական դատարանին պարտադրելը) հոդվածներով հանցագործության մասին հաղորդում և ցուցմունք էլ կլինի հաջորդիվ։ Որ հանգիստ լինեք, ասեմ՝ վաղեմության ժամկետները 15 տարի են: Ժամանակ կա՝ առայժմ վայելեք պարոնայք»,-ասվում է գրառման մեջ:

Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել 2018-ի հոկտեմբերի 2-ի ԱԺ արտահերթ նիստում ընդունված օրենսդրական փոփոխությունը:Այն ժամանակ ՀՀ նախագահը չստորագրեց օրենքը և ուղարկեց ՍԴ՝ պարզելու, որքանով են փոփոխությունները համապաստասխանում Սահմանադրությանը:

Հոկտեմբերի 2-ին ԱԺ «Ծառուկյան», «Հանրապետական» և «Հ. Յ. Դաշնակցություն» խմբակցությունները կողմ էին քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Անդրանիկ Հարությունյանի՝ խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող նախագծին, ինչից հետո այն ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց հանրության հավաքվել խորհրդարանի բակում՝ ԱԺ լուծարման և դեկտեմբերին արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով:Այդ ժամանակ վարչապետը կառավարությունից հեռացրեց նաև ԲՀԿ-ական և դաշնակցական նախարարներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---