Փաշինյան. Դեմ ենք 21-րդ դարում անհեթեթ փակ սահմաններին, որոնք մեր հարևանները պահպանում են

Փաշինյան. Դեմ ենք 21-րդ դարում անհեթեթ փակ սահմաններին, որոնք մեր հարևանները պահպանում են

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պեկինի Ազգային համաժողովների կենտրոնում մասնակցել է «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացման արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Սինգապուրի, Շրի Լանկայի, Հունաստանի նախագահները և Կամբոջայի թագավորը: Համաժողովի մասնակիցների թիվն անցնում է 2000-ը` աշխարհի 47 երկրից:

Համաժողովի նպատակն է ամրապնդել Ասիական տարածաշրջանի պետությունների կապերը, այդ թվում` տնտեսական, խորացնել համագործակցությունը տարբեր ուղղություններով:

Փաշինյանը ելույթ է ունեցել համաժողովում:

«Հայաստանում և հայկական սփյուռքում հայերը պատմականորեն դավանել են այնպիսի աշխարհայացք, որը միշտ բաց է եղել տարբեր մշակույթների, ավանդույթների և կրոնների հետ փոխգործակցության համար: Ինչպես նշում է գերմանացի մեծ փիլիսոփա Էմմանուել Կանտը, մեջբերում եմ. «Քրիստոնյա ազգերի մեջ հայերը հստակ առևտրային ոգի ունեն, նրանք Չինաստանի սահմաններից անցնում են Գվինեայի ափ` առևտուր անելու համար... և գիտեն, թե ինչպես պետք է արժանանալ խաղաղ հյուրընկալության այն ժողովուրդների կողմից, որոնց հանդիպում են» - մեջբերման ավարտը: Սա է պատճառը, որ այսօր մենք հայկական մշակութային ժառանգության կոթողների կարող ենք հանդիպել Երուսաղեմում և Ստամբուլում, Թբիլիսիում և Բաքվում, Հոնկոնգում և Կալկաթայում, Սինգապուրում և Դաքայում` այսինքն Մետաքսի մեծ ճանապարհին սփռված բոլոր խոշոր բնակավայրերում: Այսպիսով, այսօրվա խորհրդաժողովի հենքում ընկած փիլիսոփայությունը միանգամայն համահունչ է մեր դավանած արժեքներին: Մենք երախտապարտ ենք Չինաստանի կառավարությանը՝ ազգերի միջև փոխըմբռնման և համագործակցության գաղափարները ջատագովելու համար ու պատրաստ ենք աջակցել Ձեզ այդ նպատակին միտված ջանքերում», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ բացախոսությունը, երկխոսությունը և միմյանցից սովորելու արվեստն ազգերի միջև

«Անցյալ տարի Հայաստանն ապրեց հիմնարար փոխակերպումներ, որոնք ծնունդ առան համազգային շարժման մեջ՝ արտացոլելով մեր ժողովրդի նվիրական ձգտումը ավելի լավ ապագա կերտել ներկա ու գալիք սերունդների համարը: Մեզ հաջողվեց կազմալուծել համակարգային կոռուպցիան և օլիգարխիկ տնտեսությունը, ամրապնդել անկախ դատական համակարգն ու հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարողների համար: Մեր հիմնական նպատակն է կառուցել մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա: Այսօր Հայաստանը կայուն կառավարմամբ դինամիկ զարգացող երկիր է, որն ունի կենսունակ տնտեսություն և ժամանակակից բազմակարծ հասարակություն», - ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ Հայաստանը հազարամյա պատմություն ունեցող երկիր է:

«Մեր բարձրագույն մշակութային ձեռքբերումներին մենք հասել ենք միայն այն ժամանակ, երբ ունեցել ենք անխափան կապ և շփումներ այլ մշակույթների ու ավանդույթների հետ: Հետևաբար, այսօր, ինչպես և նախկինում, մենք մեր առաջընթացի ուղին տեսնում ենք տարածաշրջանային ու համաշխարհային բոլոր խաղացողների հետ փոխգործակցության մեջ: Մենք դեմ ենք բաժանարար գծերին, արհեստական խոչընդոտներին և փակ սահմաններին, որոնք թեև անհեթեթ են համարվում 21-րդ դարում, սակայն դեռևս պահպանվում են մեր հարևանների կողմից` ստեղծելով անվտանգության մարտահրավերներ ու տնտեսական խոչընդոտներ: Հայաստանը ներգրավված է երկկողմ և բազմակողմ գործակցության գործընթացներում, որոնք ընդգրկում են ավելի լայն տարածաշրջան` լինի դա տնտեսական ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, որտեղ Հայաստանը հանդիսանում է հիմնադիր անդամներից մեկը, կամ փոխադարձ մերձեցումը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում, կամ էլ մասնակցությունը «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախաձեռնությանը, որին Հայաստանը միացել է 2015 թվականին: Խաչաձևվող գործակցության շրջանակներում ներգրավվածությունը դարձել է Հայաստանի համադրական առավելություններից մեկը», - եզրափակել է Փաշինյանը:

Ավելի վաղ աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, տեղի է ունեցել ձեռքսեղմում և արարողակարգային տեսալուսանկարահանում, որից հետո երկու երկրի առաջնորդները քննարկել են հայ-չինական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

Ընթեցեք նաև՝ «Ծինփին. Չինաստանն աջակցելու է ՀՀ-ում բարեկեցությունը բարձրացնող նախագծերին»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---