Նազարյան. Դատարանները 1 տարի ունեին ինքնամաքրման համար, բայց դա չեղավ

Նազարյան. Դատարանները 1 տարի ունեին  ինքնամաքրման համար, բայց դա չեղավ

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դատական համակարգին և դատարանների մուտքերը փակելու ակցիային։

«Հեղափոխությունից հետո այս մեկ տարին Հայաստանում դատական համակարգն առանց կառավարության միջամտության և ազդեցության է գործել։ Այս մեկ տարին այն ժամանակն էր, որի ընթացքում դատական մարմինները պետք է արձագանքեին Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին։ Պետք է ինքնամաքրվեին, սեփական համակարգի արատները վեր հանեին, հրաժարվեին հին սովորություններից ու պրակտիկաներից։ Պետք է ազատվեին կոռումպացված և հին համակարգի հետ մասնավոր շահերով կապված դատավորներից։ Եվ պետք է գնային ՀՀ-ում իրապես անկախ դատական իշխանություն ձևավորելուն։ Սակայն դա տեղի չունեցավ», - գրել է Նազարյանը:

Նա նշել է, որ դատական համակարգը մնաց անհաղորդ ժողովրդի պահանջներին և հեղափոխության բերած ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության սկզբունքներին։

«Դատարանները մնում են անվստահելի առանց բացառության բոլոր կողմերի համար, այդ անվստահությունը ճգնաժամեր է առաջացնում։ Այսօրվա ժողովրդական ակցիայով մենք ցանկանում ենք, որ դատարանները և դատական ողջ համակարգը առերեսվի Հայաստանում ժողովրդավարության անշրջելիության փաստին, պարտավորված զգա իրական և խորքային ռեֆորմներով արձագանքել մեր երկրի փոփոխություններին։ Ես ակնկալում եմ, որ մեր այս ակցիան վերջապես թմբիրից կարթնացնի դատավորներին և դատական համակարգին կպարտադրի լուրջ ռեֆորմների գնալ», - ասել է նա:

Նազարյանը կոչ է արել նաև ակցիայի մասնակից համաքաղաքացիներին դատավորների և դատարանների աշխատակիցների նկատմամբ հարգալից լինել, որևէ անկարգության կամ սադրանքի չտրվել։

«Մենք ձևավորում ենք Հայաստան, որտեղ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները գերակա են, որտեղ բռնությունները, կոռուպցիան և անարդարությունը տեղ չունեն», - եզրափակել է ԱԺ փոխխոսնակ:

Փաշինյանը մայիսի 19-ի երեկոյան հայտարարել էր Հայաստանի բոլոր դատարանների մուտքերը փակելու ակցիայի մասին, որին միացել էին Ազգային ժողովի իշխանական պատգամավորները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---