Քաղաքապետարան. Խուսափեք փողոցում պատրաստվող «քաղցր բամբակ» գնելուց

Քաղաքապետարան. Խուսափեք փողոցում պատրաստվող «քաղցր բամբակ» գնելուց

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում, հատկապես հանգստի գոտիներին հարակից տարածքներում հաճախ են հանդիպում մեքենաներից «քաղցր բամբակ» պատրաստողներ ու վաճառողներ: Քաղաքապետարանն այդ ոլորտում ֆիքսել է անթույլատրելի պայմաններ, սանիտարահիգիենիկ նորմերի խախտում:

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող պայքարի ընթացքում քայլեր են ձեռնարկվում առևտրի այս տեսակը ևս կանոնակարգելու համար:

«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք պահանջեցինք դադարեցնել ապօրինի առևտուրը: Մեր պահանջից հետո եղան անձինք, որոնոք անմիջապես ենթարկվեցին, սակայն ոմանց համար դա բարձր եկամտաբերության գործունեություն է, և ամեն գնով փորձեցին չենթարկվել, ինչի պատճառով տեղափոխվեցին ոստիկանության բաժին՝ օրինական պահանջները չկատարելու համար: Նշեմ նաև, որ այդ անձանցից մեկի մոտ ոստիկանության բաժնում իրականացված զննությամբ հայտնաբերվել է դանակ և կռփազենք, և այդ փաստի առիթով արդեն իսկ նախապատրաստվում են նյութեր»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Չնայած նախազգուշացումներին ու վաճառք իրականացնողների թույլ տված խախտումներին՝ օրինազանց քաղաքացիները փորձել են նաև խոչընդոտել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը: «Եղավ նաև այնպիսի անձ, որը եկավ բարոյահոգեբանական, այսպես ասած, աջակցություն ցուցաբերելու այդ առևտրականներին, ոգելից խմիչքի ազդեցության տակ, գարեջրի շիշը ձեռքին, բարձրացավ նորաբաց այգու մայթին՝ անհարգալից վերաբերմունք դրսևորելով այստեղ զբոսնող քաղաքացիների հանդեպ: Ճանապարհային ոստիկանությունն անմիջապես արձագանքեց, և անձը տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության հատուկ տարածք»,- նշել է Հովիկ Սաֆարյանը:

Բացի այն, որ փողոցային առևտրի այս տեսակն ապօրինի է, այն նաև վտանգ է ներկայացնում առողջության համար: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել փողոցում պատրաստվող և վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց:

«Անհայտ է մնում, թե այդ գործունեություն իրականացնողը բժշկական զննություն անցե՞լ է, ի՞նչ պայմաններում է պատրաստում այդ հումքը, որից ստանում է «բամբակ» և որը գայթակղում է երեխաներին, թեև իրենից վտանգ է ներկայացնում: Միգուցե այդ գործունեություն իրականացնողը տուբերկուլյոզով հիվանդ է, չէ՞ որ նա երեխաների հետ է շփվում, բացի այդ, ինչ պարբերականությամբ է վերջինս բժշկական զննություն անցել, ինչ հաճախականությամբ են այդ սարքերը ախտահանվում, միգուցե տարաները երբևէ չե՞ն ախտահանվում: Ես խորհուրդ կտայի ծնողներին, որ կտրականապես չօգտվեն փողոցում պատրաստվող, վաճառվող փափուկ «բամբակից», քանի որ դրանով իսկ նրանք վտանգում են իրենց երեխաների առողջությունը»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամքերքի անվտանգության պետական ծառայության գլխավոր մասնագետ, տեսուչ Արմեն Գալստյանը:

Նշվում է, որ թեև անզեն աչքով տեսանելի են այն պայմանները, որտեղ պատրաստվում է քաղցր «բամբակը», երևանցիներից շատերը շարունակում են օգտվել դրանից:

Որպեսզի վարչարարությունն առավել արդյունավետ լինի, քաղաքապետարանը հանդես կգա օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Այն դեպքերում, երբ ապօրինի առևտրով զբաղվողները չեն ենթարկվի նախազգուշացումներին, քաղաքապետարանը կառգրավի վաճառվող ապրանքը: «Իսկ մինչ այդ, յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է մտածի իր և իր երեխայի առողջության մասին՝ խուսափելով փողոցում վաճառվող ամեն տեսակի կասկածելի ծագումով ապրանքներից: Բացօթյա ապօրինի առևտրի վերացումը մեծապես նաև այս վերաբերմունքից է կախված»,-ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---