// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Ժառանգություն». Կասկածելի քայլերով անցումային արադարադատության մեխանիզմներ ներդնել անհնար է

«Ժառանգություն». Կասկածելի քայլերով անցումային արադարադատության մեխանիզմներ ներդնել անհնար է

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Հայաստանում դատական բարեփոխումների հրամայականն անկասելի է: Սակայն, «Ժառանգությունը» համոզված է, որ միանձնյա, փողոցային պայքարի՝ դիպվածային և կասկածելի օրինականություն ունեցող քայլերով ու կարգախոսներով անցումային արադարադատության մեխանիզմներ ներդնել անհնար է. դրանց հաջող գործարկման համար հանրային-քաղաքական ներգրավվածությունը և համերաշխությունը պարտադիր պայման են:

««Ժառանգություն» կուսակցությունը, հետևելով հայաստանյան ներկա վտանգավոր զարգացումներին, ցավով արձանագրում է, որ այս կարևորագույն գործընթացը իշխանությունը դարձյալ ստորադասում է իր մարտավարական շահերին:

«Առաջնորդելով դատարանների դռները փակելու անհեռանկար և վտանգահարույց գործողությունը և հանրային աջակցություն չստանալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը սկսում է անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը խորհրդարանի հետ միասին, պատրաստ է անգամ սահմանադրական փոփոխությունների, եթե դրա անհրաժեշտությունը լինի:

Քաղաքականապես անհասկանալի է, թե ինչն էր նրան խանգարում այս կարևորագույն խնդիրներին լուծում տալ անցած մեկ տարվա ընթացքում: Գրեթե մեկ տարի հայաստանյան քաղաքական դաշտում բարձրաձայնում էին այս հիմնարար դրույթները, իսկ այժմ դարձյալ փորձ է կատարվում միանձնյա որոշումներ ընդունել՝ շրջանցելով անհրաժեշտ քաղաքական և հանրային քննարկումների փուլը, ինչը հղի է ներքաղաքական ցնցումների և նենգադուլների հետագա կրկնություններով:

Կոչ ենք անում վարչապետին զերծ մնալ արկածախնդրական քայլերից, որոնք վտանգում են ՀՀ միջազագային հեղինակությունը՝ որպես ժողովրդավարական և իրավական պետության»,-ասվում է հայտարարության մեջ:

Կուսակցությունն ակնկալում է խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ու հասարակական ուժերի հետ օր առաջ քննարկումների կազմակերպում՝« օրենսդրորեն բացառելու համար հին ուժերի վերադարձը և սահմանադրական կարգի տապալման բոլոր հնարավոր փորձերը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում հայտարարել է, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը:Նա ասել է, որ բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:

 Ուշագրավ
Նշվում է, որ ավիաընկերությունները պատրաստակամ են մասնակցել 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով
Ադրբեջանի գործողությունները խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը