Երանոսյանի պաշտպանը միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Հունան Պողոսյանին և Վալերի Օսիպյանին

Երանոսյանի պաշտպանը միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, Հունան Պողոսյանին և Վալերի Օսիպյանին

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը առաջ դատարանին միջնորդել է որպես վկա դատարան հրավիրել և հարցաքննել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին և ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Պաշտպանը նշել է, որ նախաքննության ընթացքում ևս այս միջնորդությունը ներկայացվել է, սակայն այն մերժել է այն պատճառաբանությամբ, որ պաշտպանական կողմը իբր չի ներկայացրել, թե ինչ տեղեկություններ ստանալու համար են ցանկանում հիշյալ անձանց կանչել հարցաքննության, հայտնում է «Հայկական ժամանակը»:

«Իրականում մենք միջնորդությունում այդ ամենը նշել էինք: Բացի այդ հիշյալ անձանց հարցաքննությունը բխում է գործով որպես ապացույց ճանաչված բազմաթիվ տեսանյութերով: Մասնավորապես, պարոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել 2018-ի ապրիլի 16-ին և ապրիլի 22-ին համապատասխանաբար Երևանի Բաղրամյան պողոտայում և Արցախի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար և հենց այդ տեսանյութերի ուսումնասիրություններով իրադարձությունների ժամանակ մի կողմից ցուցարարներին գլխավորել է Նիկոլ Փաշինյանը, մյուս կողմից՝ Վալերի Օսիպյանը, որպես Երևան քաղաքում ոստիկանության ծառայության ղեավար, իրականացրել է ոստիկանության Երևան քաղաքի ծառայողների ղեկավարումը: Հետևաբար, նրանց, ինչպես նաև խնդրո առարկա իրադարձությունների ժամանակ առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող նեկայումս Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հարցաքննությունը անհրաժեշտ ենք համարում հետևալ պատճառաբանությամբ՝ ոստիկանության վկայակոչված երկու բարձրաստիճան պաշտոյաները դեպքերի ժամանակ անմիջական գտնվել են դեպքի վայրում, անմիջական ականատես են եղել այդ գործողություններին, որոնց կապակպցությանբ մեղադրանք է առաջադրվել Լևոն Երանոսյանին: Իսկ Նիկոլ Փաշինյանը ևս ներկա է գտնվել այնտեղ, ևս տիրապետում է տեղեկություններին, որոնք սույն գործի դատաքննության ընթացքում անհրաժեշտ է պարզաբանել»,- միջնորդության մեջ նշեց Տիգրան Սաֆարյանը:

Մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանը առարկել է միջնորդության դեմ՝ նշելով, որ չի նշել որևէ պատճառաբանություն, թե ինչ կարևոր տեղեկություն պետք է վկաները հայտնեն գործի վերաբերալ, ուստի գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման:Տուժող կողմի համար ևս հասկանալի չէր, թե ինչ տեղեկություն պետք է հայտնեն Նիկոլ Փաշինյանը, Վալերի Օսիպյանը և Հունան Պողոսյանը:

Դատարանը որոշել է նշված միջնորդության քննարկումը հետաձգել և դրան անդրադառնալ դատաքննության արդյունքում:

Լևոն Երանոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ: Ըստ ՀՔԾ-ի՝ Երանոսյանը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով: Մասնավորապես, այդ օրը կիրառվել է «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---