// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փոխնախարար. Հակակոռուպցիոն ռազմավորության նախագիծը ներկայացվելու է հանրային քննարկման

Փոխնախարար. Հակակոռուպցիոն ռազմավորության նախագիծը ներկայացվելու է հանրային քննարկման

PanARMENIAN.Net - Առաջիկայում հակակոռուպցիոն ռազմավորության նախագիծը ներկայացվելու է հանրային քննարկման, որի շրջանակում գույքագրվելու են բոլոր արդյունավետ առաջարկները: Այդ մասին արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը հայտնել է ԱՄՆ ՄԶԳ Անցումային նախաձեռնությունների գրասենյակի հրավերով Հայաստանում գտնվող հակակոռուպցիոն ռազմավարության և մոնիթորինգի միջազգային փորձագետ Մեթյու Մյուրեյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր:

Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Խաչիկյանը ներկայացրել է նախարարության մշակած հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագծի ամփոփ նկարագիրը:

Մեթյու Մյուրեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ իր առաքելությունն է օգնել ամերիկյան կառավարությանն իրականացնելու գնահատում՝ Հայաստանում հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ ծրագրի մշակմանն օժանդակելու համար:

Միջազգային փորձագետն արձանագրել է նաև, որ կոռուպցիայի դեմ պայքարը համաշխարհային խնդիր է և կարևորել է միջազգային համագործակցությունն անդրազգային կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարում: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև գողացված ակտիվների բացահայտման և առգրավման մեխանիզմներին:

Տիգրան Խաչիկյանը հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքների համատեքստում կարևորել է նման բովանդակային հանդիպումը՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարության կողմից մշակված ռազմավարական ծրագիրը բազմաոլորտային է և ներառում է 70-ից ավել միջոցառումներ:

Հանդիպման ավարտին կողմերն արձանագրել են փոխադարձ հետաքրքրվածություն հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ ռազմավարության ներդրման հարցում և առաջիկայում սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

 Ուշագրավ