// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԵՄ-ն ընդունել է դատական համակարգում Փաշինյանի վճռականությունն ու պատրաստ է աջակցելու

ԵՄ-ն ընդունել է դատական համակարգում Փաշինյանի վճռականությունն ու պատրաստ է աջակցելու

PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԵՄ-ն ընդունում է արդարադատության համակարգում փոփոխություններ կատարելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վճռական հանձնառությունը:

«Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին մեզ վրա կարող է հույս դնել: Եվրամիությունը կարծում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում խորը և համապարփակ բարեփոխումները երկրի ապագայի համար կենսական նշանակություն ունեն», - ասել է Սվիտալսկին:

Նա նշել է, որ Հայաստանում մարդկանց մեծամասնությունը դատարաններին չի վստահում, և հանրային վստահությունը վերականգնելու համար լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ: Ըստ նրա՝ դատարանների նկատմամբ հասարակության անվստահությունը երկու հիմնական պատտճառ ունի. նախկինում եղած կոռուպցիան և քաղաքական անկախությունը, քաղաքական մանիպուլյացիան:

«Եվրամիությունն այն կարծիքին է, որ այդ բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան: Դրանց թվում Եվրոպայի խորհրդի անդամակցության, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրում արդարադատության բարեփոխումներին առնչվող փոխադարձ պարտավորություններն են»,- ասել է Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական շոշափելի աջակցություն ցուցաբերել Հայաստանում արդարադատության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին:

Ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը:

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում։ Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, եւ մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»,- նշել են դեսպանատնից։

 Ուշագրավ
Այցը տեղի կունենա ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով
Նշվում է, որ խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ
«Նրա կյանքը միշտ տոկունության խորհրդանիշ կլինի մեզ համար»,-ասել է պրոֆեսոր Դեմիրճյանը
Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, The HALO Trust ծրագիրն անհամար թվով կյանքեր է փրկել