Ամերիկացի փորձագետը կօգնի մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը

Ամերիկացի փորձագետը կօգնի մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը

PanARMENIAN.Net - Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կառռանզան կժամանի Հայաստան՝ օգնելու մշակել «անցումային արդարադատության» ծրագիրը: Նա ասել է, որ որպեսզի նախկին իշխանությունների նկատմամբ իրականացվող արդարադատությունը չընկալվի որպես քաղաքական վենդետտա, Հայաստանին անհրաժեշտ է մշակել չափանիշներ, որոնք կիրառվելու են բոլորի նկատմամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Ես հասկանում եմ վարչապետ Փաշինյանի երկընտրանքը՝ անհնար է «անցումային արդարադատություն» իրականացնել առանց դիմադրության նրանց կողմից, ովքեր նախկին հանցանքների համար պատասխանատու կճանաչվեն: Նրանք դիմադրելու են, նրանք օգտագործելու են հափշտակված փողերը դիմադրելու համար, նրանք օգտագործելու են իրենց ազդեցության տակ մնացած հաստատությունները՝ մեղադրողների և քննիչների դեմ պայքարելու համար: Հայաստանի դեպքում կարող է բարձրանալ «պետությունը զավթելու» մասին խնդիրը, այսինքն, այն, որ նախկին իշխանավորները զավթել էին պետությունը: Սա եզակի դեպք չէ և տեղի է ունեցել նաև այլ երկրներում, որոնց նոր իշխանությունների հետ մենք նույնպես աշխատում ենք»,-ասել է նա:

Խնդիրներից խուսափելու համար լավագույն ելքը խնդրի համակարգված լուծումն է, որը կիրառելի է բոլորի, այլ ոչ միայն թիրախավորված անձանց համար:

Միացյալ Նահանգներում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն իր հերթին նշել է, որ անցումային արդարադատությունն օգնում է հասարակությանը երկրում օրինական իշխանություն հաստատելուց կամ պատերազմի ավարտից հետո անդրադառնալ անցյալում տեղի ունեցած հանցագործություններին: «Հայաստանի համատեքստում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ երկիրը ցանկանում է ամրապնդել ժողովրդավարության հիմունքները և բարեփոխել պետական համակարգը»,-ասել է նա:

«Անցումային արդարադատությունը» երկարատև գործընթաց է, որը տարիների աշխատանք է պահանջում: Խոսքը գնում է ոչ միայն պետական հաստատության բարեփոխման, այլև ամբողջ երկրի հեռանկարի փոփոխման մասին, որի նպատակն է արտացոլել հասարակության ապրելու պահանջը մի մթնոլորտում, որտեղ մարդու իրավունքները հարգված են:

Չեմ կարծում, որ Հայաստանն այս առումով ուշացել է: Ընդհակառակը, կարծում եմ վաղաժամ կլիներ ակնկալել դա Հայաստանի վարչապետից իշխանափոխությունից անմիջապես հետո: Նրան անհրաժեշտ էր նախ համախմբել կառավարությունը, աջակցություն ապահովել խորհրդարանում: Նույնիսկ այսօր այս խնդրի իրականացումը լուրջ աշխատանք է պահանջում, տարիների աշխատանք»,-ասել է նա:

Նա հավելել է, որ «անցումային արդարադատության» իրականացումն իր մեջ նաև մեկ կարևոր խնդիր է պարունակում՝ այն որ նախկին իշխանությունները կփորձեն արդարադատության հաստատումն ամեն կերպ ներկայացնել որպես հաշվեհարդար իրենց նկատմամբ: Լավագույն լուծումը կլինի խորհրդարանի կողմից «անցումային արդարադատության» իրականացման ծրագրի մշակումն ու ընդունումը, քանի որ Հայաստանի խորհրդարանը ներկայացնում է հասարակության առավել լայն շերտը, համոզված է Աննա Միրիամ Ռոքաթելլոն:

«Անշուշտ, վարչապետն իր վրա է ընդունում այս նախագիծն առաջ տանելու քաղաքական պատասխանատվությունը, սակայն, արդյունավետ լինելու համար այն պետք է աջակցություն ստանա հասարակության ամենալայն շերտերի կողմից: Այնպես որ, կարծում եմ, Հայաստանը ճիշտ ուղու վրա է»,-հավելել է նա:

Սակայն, ինչպես իրականացնել «անցումային արդարադատություն», երբ արդարադատություն իրականացնող մարմինը՝ դատարանները, իրենք են կասկածվում անարդար լինելու մեջ: Պատասխանը մեկն է՝ վեթինգը: Ռուբեն Կառռանզայի խոսքով, կան վեթինգի, կամ ստուգման տարբեր միջոցներ, որոնք թույլ են տալիս պարզել պաշտոնյայի եկամուտները, կապերը, մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիոն գործընթացների մեջ ներգրավվածությունը:

«Առաջին ճանապարհը՝ այն դատավորներին ու դատախազներին պաշտոններից ազատելն է, ովքեր կոռուպցիայի մեջ են ներքաշվել: Դա անելու համար անհրաժեշտ է ստեղծել մի գործընթաց, որի արդարությունն ու թափանցիկությունը կասկած չեն հարուցում: Կա մեկ այլ եղանակ՝ դրա փոխարեն ստեղծել հատուկ մարմին, որն աշխատանքները կկենտրոնացնի կոռուպցիայի և մարդու իրավունքների նախկինում տեղի ունեցած խախտումների վրա»,-ասել է նա:

Հայաստանում Կառռանզան նախատեսում է հանդիպել ոչ միայն խորհրդարանականների, ում փորձելու է օգնել մշակել հենց Հայաստանի իրավիճակին և կարիքներին համապատասխանող «անցումային արդարադատության» ծրագիր, այլև՝ երիտասարդների հետ:

«Մեր կարծիքով, շատ կարևոր է, որ անցումային արդարադատության գործընթացում մասնակցեն երիտասարդները: Անհրաժեշտ է նաև հատուկ ուշադրություն դարձնել անցումային արդարադատության շրջանակներում Մարտի 1 սպանությունների գործերին, խաղաղ պայմաններում անցած տարիներին հայկական բանակում սպանված զինվորների և մարդու իրավունքների մյուս խախտումներին»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը:

Վարչապետը նշել էր, որ ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---