Երևանի մետրոյում ամբողջ օրն Ազնավուրի երգերը կհնչեն

Երևանի մետրոյում ամբողջ օրն Ազնավուրի երգերը կհնչեն

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին ամբողջ օրվա ընթացքում Երևանի մետրոյում լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի երգերն են հնչելու: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

«Հայ մեծանուն շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ՝ ողջ օրվա ընթացքում հնչելու են նրա ստեղծագործությունները»,-ասվում է գրառման մեջ։

Մայիսի 22-ին լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է, նա կդառնար 95 տարեկան։ Մեծանուն արտիստի ծննդյան տարեդարձին ընդառաջ և ամբողջ տարվա ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում նրա արվեստը նշանավորող միջոցառումներ են կազմակերպվում՝ցուցահանդեսներ, համերգներ, հուշարձանների բացում, հանրային վայրերի, հաստատությունների անվանակոչություն։

Լեգենդար շանսոնյեն Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին 94 տարեկանում: Ազնավուրը, որը վերջերս էր վերադարձել Ճապոնիայում համերգային շրջագայությունից, մահացել է իր տանը՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան) ծնվել է 1924 մայիսի 22-ին Փարիզում` հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Նա ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ է։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում:

Ազնավուրը մոտ 1000 երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի մոտ 100 միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---