ԱԺ-ում ներկրվող ցեմենտի վերաբերյալ նոր առաջարկ է քննարկվում

ԱԺ-ում ներկրվող ցեմենտի վերաբերյալ նոր առաջարկ է քննարկվում

PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կրկին քննարկվում է ցեմենտի հարցը: Առաջին ընթերցմամբ ըն դունված նախագիծը փոփոխությունների է ենթարկվել, որի համաձայն, առաջարկվում է 14 հազար դրամի տուրք սահմանել ներկրվող ցեմենտի համար, իսկ կլինկերի համար տուրք չսահմանել:

«Պետական տուրքի մասի» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթով առաջարկվում է ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար սահմանել 22 հազար դրամ պետական տուրք։ Օրինագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ Հանձնաժողովի նիստում են առաջարկել կլինկերի վրա պետտուրքն ընդհանրապես չկիրառել, քանի որ հաշվի չէին առել փոքր արտադրողների շահերը, հայտնում է Panorama.am-ը։

«Ցեմենտի նկատմամբ կիրառվող պետական տուրքի վրա առաջարկվեց դնել մեկ տարվա ժամկետ, որ այդ ընթացքում հասկանալի լինի, թե շուկան ինչպես է արձագանքում, ինչպես նաև հասկանանք, թե ցեմենտ արտադրողներն ինչ են անում ավելի մրցունակ դառնալու համար»,- ասել է Բաբկեն Թունյանը։

Նա նշել է, որ ստեղծել են աշխատանքային խումբ, որի շրջանակներում հանդիպումներ են ունեցել արտադրողների հետ, եղել են բուռն քննարկումներ և այժմ այլ առաջարկությամբ են հանդես գալիս։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է, թե ինչու է որոշում կայացվել նվազեցնել պետտուրքը։ Նա նախ նշել է, որ նպատակ ունեն պահպանել այն աշխատատեղերը, որոնք առկա են տեղական արտադրություններում, քանի որ հարևան շուկաներում առաջացած արտաքին շոկերը սպառնում են կտրուկ փոփոխությունների ուժով վտանգել տեղական արտադրողի մրցունակությունը։

«Որպեսզի տեղական արտադրողները ժամանակ ունենան հարմարվելու, վերադասավորվելու, վերազինվելու և երկարաժամկետ առումով ավելի մրցունակ դառնալու, մենք առաջարկում ենք կիրառել ժամանակավոր պաշտպանական միջոց, իսկ այդ ընթացքում հնարավորություն կունենաք հետևելու շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, ինչպես նաև կծանոթանանք արտադրողների ներդրումային ծրագրերին։ Դրանից հետո միասին որոշումներ կկայացնենք ապագայի վերաբերյալ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։

Այսպիսով, ըստ նախարարի, սկզբունքն այն է, որ շուկայում պետք է ապահովեն մրցակցային պայմաններ այնպես, որ տեղական արտադրության մեծածավալ մասը կազմող արտադրանքը կարողանան վաճառել նույն կերպ, ինչպես ներմուծողները և հակառակը։

«Այսինքն՝ մեր առաջարկի նպատակն է պահպանել մրցակցային գնային միջավայր: Մենք առաջարկում ենք, որ ներկրվող մեկ տոննա ցեմենտի համար սահմանվի պետտուրք 14 հազար դրամ»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն ապրիլի 25-ին որոշում է կայացրել` հանձնաժողով ստեղծել ցեմենտի արտադրության և ներկրման շուկային առնչվող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցման քննարկման հետ կապված աշխատանքային խմբի ձևավորման հարցով: Հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամները ձեռնպահ են քվեարկել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որի ղեկավարն է «ԱրարատՑեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, դեմ էր առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---