// IP Marketing video - START// IP Marketing video - END

Արցախի նախագահը շնորհավորել է Կոմանդոսի 80-ամյակը

Արցախի նախագահը շնորհավորել է Կոմանդոսի 80-ամյակը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ:

«Հարգարժա՛ն Արկադի Հովհաննեսի,Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։

Արցախում, մայր Հայաստանում և սփյուռքում չկա մեկը, ով ծանոթ չլինի ձեր անցած փառավոր ուղուն, ձեր բարձր մարդկային որակներին ու սկզբունքայնությանը:Անգնահատելի է Ձեր ավանդն Արցախյան ազատամարտում և մեր փառավոր հաղթանակների կերտման գործում: Այսօր էլ Դուք շարունակում եք ծառայել հայրենիքին, ակտիվ դերակատարություն ունենալ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:

Հարգելի՛ պարոն գեներալ, թանկագի՛ն Կոմանդոս, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ նշանակալի տարեդարձի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, երջանկություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ, Ձեր ընտանիքին ու հարազատներին», ասվում է ուղերձում, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ա․Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։

Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 21-ին ՀՀ-ն անկախության 28-րդ տարեդարձն է տոնելու
Տոլստոյը նշել է, թե Ռուսաստանը չունի այնքան ՀԿ-ներ Հայաստանում, որքան ունի ԱՄՆ-ն
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կկազմակերպվի ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես