ԱԱԾ. Բագրատաշենում 14 տոննա պատշաճ չհայտարարագրված ապրանք է հայտնաբերվել

ԱԱԾ. Բագրատաշենում 14 տոննա պատշաճ չհայտարարագրված ապրանք է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն պարզաբանում է ներկայացրել Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ահազանգած առևտրականների կողմից ներկայացված տեղեկատվության վերաբերյալ:

Նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ է ստացել՝ մի խումբ տնտեսվարողների կողմից, առանց համապատասխան հայտարարագրման, ապրանքների (հիմնականում՝ հագուստեղեն և տեքստիլ արտադրանք) ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմների վերաբերյալ:

Մասնավորապես պարզվել է, որ ՀՀ մի խումբ քաղաքացիներ առևտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռների մի մասը «Բագրատաշեն» հսկիչ մաքսակետով ներկրել են Հայաստան՝ առանց հայտարարագրման կամ այլ՝ ավելի էժան ապրանքների հայտարարագրման անվան տակ՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:

Վերոհիշյալ գործընթացի կանխման նպատակով իրականացված տևական և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019-ի մայիսի 19-ին կասեցվել է վերը նկարագրված եղանակով ապրանքների ներկրման հերթական դեպքը, հայտնաբերվել են մեկ ավտոբուսով և 5 «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենաներով ՀՀ տեղափոխված շուրջ 14 տոննա տարբեր տեսակի ապրանքներ, որի միայն մի մասն է սահմանված կարգով հայտարարագրվել, իսկ մնացածը կամ առհասարակ չի հայտարարագրվել, կամ հայտարարագրվել է և մաքսազերծվել այլ՝ մաքսային ցածր արժեք ունեցող ապրանքների անվան տակ: Ստուգվում է վարկածն առ այն, որ բեռների ապօրինի տեղափոխումը նշված քաղաքացիներին, հնարավոր է, հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսակետ բաժնի պաշտոնատար անձանց թողտվության կամ պաշտոնական դիրքի չարաշահման հետևանքով:

Ներկայումս, ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» մաքսակետում իրականացվում են համատեղ միջոցառումներ՝ ներկրված ապրանքների գույքագրման և պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկելու նպատակով, սակայն առևտրային գործունեությամբ զբաղվող անձինք համառորեն խոչընդոտում են գործընթացին՝ վերոնշյալ մեխանիզմով ստվերային տնտեսական գործունեությունը շարունակելու ակնկալիքով: «Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ ապրանքները գույքագրելուց, պետությանը պատճառված հնարավոր վնասը հաշվարկելուց և դրա համար նախատեսված հարկերն ու տուրքերը ճշգրտված չափով վճարելուց հետո ապրանքները սահմանված կարգով կարող են վերադարձվել օրինական սեփականատերերին:

ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ պաշտոնատար անձանց օրինական պահանջները դիտավորյալ չկատարելուց, հիշեցնում, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար և նախազգուշացնում է, որ այսուհետ ևս հետևողական պայքար է տարվելու նմանատիպ երևույթների դեմ»,-ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի հայտարարության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ավելի վաղ առևտրականներն ահազանգել էին, որ արդեն մի քանի օր է՝ փակված են Բագրատաշենի մաքսատան անգարում՝ սահմանապահ զորքերի աշխատակիցները թույլ չեն տալիս դուրս գալ։ Խնդիրը կապված է Թուրքիայից Հայաստան ներկրված ապրանքի հետ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---