Նախագահ. Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարուց

Նախագահ. Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարուց

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ալմաթիում Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի բացմանը հայտարարել է, որ պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ներկաներին Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի աշխատանքների մեկնարկի առթիվ: Նա ընդգծել է, որ 2000-ականների սկզբին իր դերակատարումն է ունեցել ֆորումի ստեղծման աշխատանքներում: «Ես կարող եմ այս ֆորումն անվանել ինստիտուտ, որը հսկայական ազդեցություն ունի ոչ միայն լրագրողական միջավայրի, այլև ընդհանրապես եվրասիականության հասկացության ու ողջ մեդիայի վրա:

Երբ մտածում եմ Եվրասիական մեդիա ֆորումի մասին, բնականաբար, մտքիս գալիս են երկու-երեք գաղափարներ, հասկացություններ: Դրանցից առաջինը կոչվում է Եվրասիա: Ի՞նչ է Եվրասիան: Այն ոչ միայն աշխարհագրություն է, այլև մեծ պատմությունն է քաղաքակրթությունների, որոնք ծնվում էին հազարամյակներ առաջ: Դրանցից որոշները չապրեցին մինչև մեր ժամանակները, իսկ որոշներն այսօր դարձան իսկապես հզոր քաղաքակրթություններ»,- նշել է նախագահ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Եվրասիան այսօր աշխարհում տեղի ունեցող մեծ զարգացման ու իրադարձությունների կենտրոնն է:

«Երբ խոսում ենք Եվրասիայի մասին, չենք կարող չմտածել Ղազախստանի մասին, քանի որ այն այսօր ոչ միայն ֆիզիկապես, այլև քաղաքական ու տնտեսական առումով գտնվում է հենց կենտրոնում: Իզուր չէ, որ հենց այստեղ են ծնվել տնտեսական համագործակցության մասին գաղափարները, որոնք իրականություն դարձան հետխորհրդային տարածաշրջանում: Իրականություն է դարձել Եվրասիական տնտեսական համագործակցությունը, որը, հուսով ենք, կդառնա ևս մեկ կամուրջ՝ ծառայելու այն գլխավոր նպատակին, որի մասին մտածում ենք: Դա ժողովուրդների, մշակույթների ու քաղաքակրթությունների փոխադարձ բարեկամությունն է: Եվ ես ուզում եմ տեսնել այն օրը, երբ Եվրասիական տնտեսական համագործակցությունն ու Եվրամիությունը լուրջ բանակցություններ կսկսեն խորը համագործակցության մասին»,- ասել է Հանրապետության նախագահը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Արմեն Սարգսյանն անդրադարձել է երկրորդ հասկացությանը՝ մեդիային՝ նշելով, որ մեդիայի գաղափարը վերջին տարիներին մեծ փոփոխություններ է կրել: «Երբ տարիներ առաջ խոսում էինք մեդիա ֆորումի մասին, այդ ֆորումը դիտարկվում էր որպես հարթակ լրագրողների համար: Սակայն տեսեք, թե 20 տարվա ընթացքում ինչպես է փոխվել մեդիան: Հիմա երբ ասում ենք մեդիա, չենք մտածում միայն լրագրողների մասին:

Կարծում եմ, որ Եվրասիական մեդիա ֆորումի ապագան իրական մեդիան է, այն վիրտուալ կյանքը, որն ապրում ենք: Մեզնից յուրաքանչյուրն իր կյանքի մի քանի ժամ, իսկ ոմանք՝ շատ ավելի ժամանակ են անցկացնում վիրտուալ տարածքում, որը դարձել է շատ ավելի ընդգրկուն, քան պարզապես լուրերը, լրագրությունը կամ տեղեկատվության հաղորդումը: Դա մեր կյանքի մասն է: Սա ինդուստրիալ հեղափոխության փոքր գործիքը կամ արտադրանքն է, որն իր մեջ ներառում է տեղեկատվություն մեր կյանքի, մեր տնտեսական հարաբերությունների, մեր լուսանկարների, ընտանիքի, բանկերի հետ մեր ֆինանսական հարաբերությունների մասին»,- նշել է Արմեն Սարգսյանը: Նա ընդգծել է, որ այս վիրտուալ կյանքը փոխում է մեր ընկալումը տարբեր երևույթների նկատմամբ, օրինակ, թե ինչպես ենք զբաղվում գիտությամբ, կրթությամբ, առողջապահությամբ, տնտեսությամբ ու նաև քաղաքականությամբ:

«Մեդիայի, վիրտուալ տարածքի դերակատարումը մեծ ազդեցություն է ունենում, թե ինչպես է ծնվում քաղաքականությունը, գաղափարները, ինչպես են դրանք իրականություն դառնում: Այն մեդիան, որից սկսել էինք 20 տարի առաջ, այլևս նախկինը չէ: Այդ մեդիան այն երկրորդ վիրտուալ աշխարհն է, որում ապրում ենք: Այն ավելի ու ավելի շատ է ազդեցություն ունենում այն իրական աշխարհի վրա, որում ֆիզիկապես ենք ապրում, և ինչ-որ առումով, դրանք ձուլվում են: Շատ կարևոր մարդկային արժեքներ, ներառյալ այն, թե ինչպես ենք վերաբերվում այս մոլորակին, ժողովրդավարությանը, ևս փոխվելու են: Մենք պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց»,- նշել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Եվ որպես երրորդ հասկացություն՝ նա անդրադարձել է ֆորումին և շնորհակալություն հայտնել դրա կազմակերպիչներին, մասնավորապես, Դարիգա Նազարբաևաին ու Ղազախստանի կառավարությանը: «Բնականաբար, ֆորումն այն մարդիկ են, ովքեր հիմնել են այն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ, նրանց, ովքեր ստեղծել են այս ֆորումը, մաղթել մեզ բոլորիս, որ այս ֆորումը շարունակվի երկար տարիներ, քանի որ խնդիրները, որոնք մեր առջև կան, որոնք կան մարդկության առջև, հսկայական են, և դրանք փոխվում են ամեն օր»,- ելույթի ավարտին ասել է Արմեն Սարգսյանը:

Ամենամյա ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Աշխարհն այսօր. ձևափոխվող իրականություն» խորագրով, մեկ հարկի տակ է հավաքել աշխարհի շուրջ 60 երկրների ավելի քան 600 պատվիրակների, այդ թվում և պետական ու քաղաքական գործիչների, տնտեսագետների, Նոբելյան մրցանակակիրների, գործարարների ու փորձագետների: Արմեն Սարգսյանը եղել է Եվրասիական մեդիա ֆորումի համահիմնադիրներից մեկը:

Ֆորումի բացմանը հնչել են Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ալմաթիի քաղաքապետի ողջույնի խոսքերը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---