Վարչապետը` դեսպաններին. Մեր ամենամեծ ընթացիկ խնդիրը կապված է դատաիրավական համակարգի հետ

Վարչապետը` դեսպաններին. Մեր ամենամեծ ընթացիկ խնդիրը կապված է դատաիրավական համակարգի հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել է դատաիրավական ոլորտում ստեղծված իրավիճակին՝ խոսելով այս բնագավառում բարեփոխումների անհրաժեշտության և այդ գործընթացում միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորության մասին:

«Այսօր մեր ամենամեծ ընթացիկ խնդիրը կապված է դատաիրավական համակարգի հետ: Գիտեք, որ վերջին շրջանում իրադարձություններ են տեղի ունեցել և հիմա էլ կարծես թե շարունակում են տեղի ունենալ:

Քաղաքական խնդիրը, որ կանգնած է կառավարության առաջ, և վերջին մեկ տարվա ընթացքում անձամբ ես ստիպված եմ եղել անընդհատ բախվել մի քաղաքական իրողության հետ, որ մեր հանրային կարծիքը, մեր հանրությունը դատական բոլոր հնարավոր որոշումների պատասխանատվությունը դնում է կառավարության վրա: Չնայած նրան, որ ես հստակ հայտարարել եմ, որ դատական գործընթացներին չեմ մասնակցում և մասնակցելու որևէ ցանկություն չունեմ, բայց վերջին մեկ տարվա ամենամեծ խնդիրը կապված է նրա հետ, որ մեր հանրությունը բացարձակապես բոլոր դատական որոշումների պատասխանատվությունը դնում է կառավարության վրա, և բացարձակապես բոլոր որոշումները մեկնաբանվում են՝ որպես վարչապետի անձնական որոշումներ հանրության շրջանում: Սա նախկինից եկող շատ բարդ իներցիա է: Երբեմն կառավարությունը ստիպված է լինում ուղղակի բարձրաձայն տարանջատվել այդ բոլոր հնարավոր դատական որոշումներից, որովհետև այդտեղ վստահության որոշակի ճգնաժամի խնդիր կարող է առաջանալ:

Եվ, իհարկե, այս փուլում մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերների հետ սերտորեն կհամագործակցենք՝ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ ունենալու համար, որովհետև ես շատ երկար վերլուծում էի, թե ինչն է, այնուամենայնիվ, այսպիսի վերաբերմունքի և այսպիսի հանրային ընկալման պատճառը: Եվ ինձ համար պարզ էր, որ կա որոշակի դիսաբալանս այսօրվա ստեղծված իրավիճակում: Այդ դիսբալանսն արտահայտվում է հետևյալում. այսօր Ազգային ժողովը ներկայացնում է ժողովրդին և ժողովրդի ընտրությունը, այսինքն՝ Ազգային ժողովի պատգամավորները, կոնկրետ այդ անուններով մարդիկ հիմա գտնվում են Ազգային ժողովում մի պարզ պատճառով, որովհետև ժողովուրդը քվեարկել է կոնկրետ այդ մարդկանց կողմից ներկայացվող քաղաքական ուժին: Ես հիմա վարչապետ եմ մի պարզ պատճառով, որովհետև, նախ որպես վարչապետի թեկնածու հանդես եմ եկել և այն քաղաքական ուժը, որի համամասնական ցուցակը ես գլխավորել եմ, ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնությունը, և ես այդ քվեի բերումով դարձել եմ վարչապետ»,-ասել է նա:

Վարչապետը նշել է, որ քաղաքական առումով հատկապես հեղափոխությունից հետո առաջանում է մի պարզ հարց. իսկ Հայաստանի Հանրապետությունում ո՞ւմ է ներկայացնում դատական իշխանությունը, ումի՞ց է բխում այդ իշխանությունը, ո՞ւմ իշխանությունն է իրացնում Հայաստանում դատական իշխանությունը:

«Սա ասում եմ, որովհետև Հայաստանի Սահմանադրության 2-րդ և ոչ փոփոխելի հոդվածում արձանագրված է հետևյալը, որ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմինների միջոցով: Եվ այստեղ, այս շարքի մեջ դատարանները Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիններն են, և մեր Սահմանադրությունը հստակ գծագրում է, որ այդ պետական մարմինները պետք է ուղիղ կապ ունենան ժողովրդից, այսինքն՝ պետք է ժողովրդի անունից գործելու մանդատ և լիազորություն ունենան: Եվ խնդիրն այն է, որ, ըստ էության, վերջին մեկ տարվա քաղաքական իրողությունների բերումով մենք այդպիսի իրավիճակ չունենք: Այստեղից է, որ անընդհատ դատական որոշումները մեր հանրության շրջանում հուզումներ են առաջացնում, հանրությունը պարզապես չի վստահում մեր դատական համակարգին, և սա ճգնաժամի շարունակական աղբյուր կարող է դառնալ:

Համոզված եմ, որ եկել է ժամանակը այս խնդիրը լուծելու, բայց վստահ եմ նաև, որ չի կարելի վերարտադրել այն դատական նախկին համակարգը, որ մենք ունեցել ենք: Ես երկար տարիներ այդ մասին գրել եմ, ելույթներ եմ ունեցել, նույնիսկ դատապարտվել եմ այդ դատական համակարգի կողմից, և իմ համոզմունքն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները կլինեն բացարձակապես անիմաստ, եթե մենք չունենանք իրապես դատական համակարգ, որի որոշումներն ընդհանրապես չմեկնաբանվեն, այսինքն՝ որի որոշումներն ուղղակի ընդունվեն որպես որոշում, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անունից և չի քննարկվում, առնվազն բացի այն ընթացակարգերից, որ բողոքարկում են և այլն: Բայց մեծ հաշվով չկա այդ մթնոլորտը, թե ահա ով ում վրա երբ ինչպես ազդեց, որ այս որոշումը կայացվի: Եվ այս առումով՝ եթե Հայաստանում գործադիր, օրենսդիր իշխանությունները վայելում են ժողովրդի վստահությունը, եկել է ժամանակը, որպեսզի նաև դատական իշխանությունը վայելի ժողովրդի վստահությունը: Ոչ թե դատական իշխանությունը վայելի կառավարության վստահությունը, այլ ժողովրդի վստահությունը, որովհետև եթե կառավարությունը, օրինակ, ուզենար այս մեկ տարվա ընթացքում, որ Հայաստանում լիներ իր համար վստահելի դատական համակարգ, այդ դատական համակարգը կար և այսօր էլ կա, և կառավարությանը ոչ մի բան չի խանգարում այդ դատական համակարգն իր համար դարձնել վստահելի, մանավանդ, որ այդ դատական համակարգը սովոր է աշխատել այդ պայմաններում, երբ կառավարության և դատական համակարգի միջև կա, այսպես ասած, փոխադարձ վստահություն: Բայց մեզ համար այդ ճանապարհն անընդունելի է եղել և անընդունելի է, որովհետև դա դեմ է այն արժեքներին, որոնց վրա հենվելով մենք Հայաստանում իրականացրել ենք այսպիսի փոփոխություններ: Եվ մենք հույս ունենք և համոզված ենք, որ մեզ կհաջողվի մեր միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձևավորել վստահելի դատական համակարգ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև ՀՀ վարչապետը պատասխանել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանների հարցերին, որոնք վերաբերում էին դատական համակարգում բարեփոխումների իրականացմանը, անցումային արդարադատությանը, ձեռնարկվող քայլերին, կառավարության կառուցվածքային փոփոխություններին, պետական կառավարման համակարգի բարեփոխմանը և այլն:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---