Առաջիկայում Երևանը ևս առնվազն 20 աղբատար մեքենա կգնի

Առաջիկայում Երևանը  ևս առնվազն 20 աղբատար մեքենա կգնի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ առաջիկայում համայնքը ձեռք կբերի ևս առնվազն 20 աղբատար, հայտնել են քաղաքապետարանից:

Քաղաքապետին զեկուցվել է, որ ձեռք բերած նոր աղբատար մեքենաները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով աղբահանության աշխատանքներ են իրականացնում: Ընտրվում են այն վարչական շրջանները, որտեղ այդ պահին աղբահանությունը խնդրահարույց վիճակում է,:

«Այս կերպ հնարավորություն է ստեղծվել մայրաքաղաքում հնարավորինս շտկել աղբահանության կազմակերպման հետ կապված ներկա վիճակը», - ասել է Մարությանը:

Զեկուցվել է նաև, որ աղբատար մեքենաների բնականոն և անխափան աշխատանքն ապահովելու նպատակով Նուբարաշենի աղբավայրում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ:

«Կարծում եմ՝ սա լավագույն այն օրինակն է, թե քաղաքային իշխանություններն ինչպես են ստեղծում պայմաններ, որպեսզի բոլոր ընկերություններն աշխատեն հանգիստ և նորմալ: Խոսքը միայն «Սանիթեք» ընկերության մասին չէ, կան հարյուրավոր ընկերություններ, որոնք օգտվում են աղբավայրից», - ասել է քաղաքապետը:

Անդրադառնալով «Սանիթեք» ընկերության աշխատանքին՝ քաղաքապետ Մարությանը հերթական անգամ հորդորել է կատարել պայմանագրային պարտավորությունները, թարմացնել ավտոպարկն ու ապահովել աղբամանների անհրաժեշտ քանակը:

«Դուք բացառապես չեք հասցնում այս քաղաքը սպասարկել: Իրապես, բացի նոր բերած 200 աղբամանից, ես քաղաքում չտեսա մի աղբաման, որը կարող էինք թողնել: Բոլորը փոխելու ենթակա են: Մենք ձեզանից ունենք նամակ, համաձայն որի 1500 աղբաման պետք է բերվեր և կար ստույգ գրաֆիկ դրա հետ կապված: Եվս մեկ անգամ կհորդորեմ, որ բերեք նոր աղբամաններ, նոր ավտոմեքենաներ, որպեսզի կարողանաք սպասարկել Երևանը: Այս պարկով, այս աղբամաններով Երևանը հնարավոր չէ բավարար կերպով սպասարկել»,- ընդգծել է քաղաքապետը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---