Նազարբաևը՝ Փաշինյանին․ Ղազախստանի ու ՀՀ-ի միջև երբևէ որևէ խնդիր չի եղել

Նազարբաևը՝ Փաշինյանին․ Ղազախստանի ու ՀՀ-ի միջև երբևէ որևէ խնդիր չի եղել

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաք Նուր-Սուլթանում հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նազարբաևը նշել է, որ Ղազախստանի ու Հայաստանի միջև երբևէ որևէ խնդիր չի եղել, ունեցել են լավ հարաբերություններ:

«Վերջին շրջանում մեր երկրների միջև առևտուրն աճել է, բայց վատ լոգիստիկայի պատճառով այն տուժում է: Մենք փոխանակելու բան ունենք. այն, ինչ դուք ունեք, մենք չունենք, ինչ մենք ունենք, դուք չունեք, այդ իսկ պատճառով այդ ուղղությամբ պետք է աշխատել: Դուք գիտեք, որ ես, խորը մտածելով, ընդունեցի այդ որոշումը: Երբ կհասնեք իմ փորձին և տարիքին, ավելի լավ կհասկանաք ինձ: Վստահ եմ, որ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կլինեն նույնքան լավ, ինչպես և մինչև այդ էին», - ասել է Նազարբաևը:

Փաշինյանն էլ նշել է, որ վստահ է՝ Ղազախստանի նոր նախագահի հետ ՀՀ-ն կունենա նույնպիսի ջերմ և կառուցողական հարաբերություններ:

«Այո, մեր երկրների միջև առկա են շատ լավ քաղաքական հարաբերություններ, ցավոք, տնտեսության ոլորտում բավական փոքր ծավալներ ունենք: Կարծում եմ, որ հիմա կա հնարավորություն այդ ուղղությամբ աշխատելու, քանի որ 21-րդ դարում ստեղծվում են նոր հնարավորություններ: Եվ կարևոր է, որ մենք, մեր երկրները, մեր ժողովուրդները և կառավարությունները քաղական կամք ունեն` զարգացնելու մեր հարաբերությունները, որովհետև մենք խորհրդային ժամանակներում կապված ենք եղել որպես ժողովուրդներ և Խորհրդային միության փլուզումից հետո փաստացի մասնակցել ենք հետխորհրդային տարածաշրջանում համատեղ բոլոր նախագծերին: Մենք շատ ջերմ, լավ հարաբերություններ ունենք, դրանում Ձեր անձնական ավանդը շատ մեծ է, և հուսով եմ ու վստահ եմ, որ այդ ոգին այսուհետ ևս կշարունակվի», - ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը և Նուրսուլթան Նազարբաևը մտքեր են փոխանակել հայ-ղազախական հարաբերությունների շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, կարևորել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---