ՄԱԿ-ում Թավշյա հեղափոխությանը նվիրված ֆոտոցուցահանդես է բացվել

ՄԱԿ-ում Թավշյա հեղափոխությանը նվիրված ֆոտոցուցահանդես է բացվել

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում մայիսի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի մշտական ներկայացուցչության կազմակերպած «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանում 2018-ի գարնանը տեղի ունեցած խաղաղ քաղաքացիական շարժման, քայլարշավի, ցույցերի և երթերի ընթացքն ու զարգացումը պատկերող լուսանկարներ։

Միջոցառման բացմանը և դրան հաջորդած ընդունելությանը, որին ներկա էին ՄԱԿ-ի բազմաթիվ անդամ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչն անցյալ տարվա իրադարձությունները հիշատակելով որպես շրջադարձային փուլ հայոց պատմության մեջ՝ նշել է, որ մայիսի 28-ին Առաջին հանրապետությանը տոնը նշելը և Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսի բացումը ՄԱԿ-ի կենտրոնակայանում առանձնահատուկ խորհուրդ է պարունակում։

Շեշտելով, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների խրախուսումը, քաղաքական և հասարակական կյանքում կանանց և երիտասարդների առաջխաղացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են, Մհեր Մարգարյանը նշել է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2020-2022-ի համար Հայաստանի թեկնածության առաջադրումը։

Միջոցառմանը մասնակցող ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հյուրերին ներկայացրեց լուսանկարներում պատկերված իրադարձությունների ընթացքը, ինչպես նաև՝ արտաքին հարաբերությունների ոլորտում խորհրդարանական գործունեությունը։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---