Փաշինյան. «Զվարթնոցը» հասնում է թողունակության առավելագույն ծավալին՝ քննարկվում է ընդլայնումը

Փաշինյան. «Զվարթնոցը» հասնում է թողունակության առավելագույն ծավալին՝ քննարկվում է ընդլայնումը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովին հայտարարել է, որ Հայաստանը շատ բարձր է գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը մեր երկրում:

Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի և Ուրուգվայի օդանավակայանների 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ՝ Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ:

Գործադիրի ղեկավարը կարևորել է Հայաստանի Հանրապետությունում կատարված և կատարվելիք ներդրումները: «Մենք այժմ խոսում ենք «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին, որովհետև շատ լավ նորություն է, որ օդանավակայանն ըստ էության հասնում է իր թողունակության առավելագույն ծավալին: Սա չափազանց լավ նորություն է: Ուզում եմ ընդգծել, որ ֆինանսական ներդրումները չափազանց կարևոր են Հայաստանի Հանրապետության, մեր երկրի տնտեսության համար, բայց ես առանձնապես շատ ավելի կարևոր եմ համարում բիզնեսի, տնտեսվարման այն նոր մշակույթը, որ ընկերությունն իր հետ բերել է ՀՀ և դեռ կշարունակի բերել: Սա իհարկե շատ ավելի կարևոր է, որովհետև փոխում է երկրի մթնոլորտը, իմիջը և շատ կարևոր է, որ ոչ միայն քաղաքական հարթության վրա փոխվի մեր երկրի իմիջը, պատկերը, այլև տնտեսական հարթության: Ուրախ եմ արձանագրել, որ այս առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունը միմյանց հետ շարժվում են համաքայլ և բոլորիս ցանկությունն ու համոզմունքն է, որ այս գործընթացը շարունակվի և մենք իրար հետ կաշխատենք մեր հայրենիքի՝ ՀՀ իմիջի, պատկերի, բովանդակության փոփոխության, նոր մշակույթի, նոր զարգացման վրա, որն ի վերջո պիտի պսակվի տնտեսական հեղափոխության հաղթանակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ընդգծել է նաև, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետությունում տեղական ավիափոխադրողների գործունեությունը և ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին մենք կցանկանայինք, ինչպիսին վայել է անկախ, ինքնիշխան երկրին: «Սա պետք է լինի մեր համագործակցության հաջորդ ուղղությունը, որպեսզի կառավարությունը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունն իրար հետ համագործակցված կարողանան ստեղծել այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի հայկական ավիափոխադրողի կամ ավիափոխադրողների ի հայտ գալն ու նրանց մրցունակությունն ապահովելը: Ըստ էության, սրանք են այն հիմնական, առանցքային, ռազմավարական ուղղությունները, որոնց մասին մենք պարոն Էռնեկյանի հետ արդեն մի քանի անգամ քննարկումներ ունեցել ենք, բայց դա չի նշանակում, թե Էռնեկյան ընտանիքի և Կորպորասիոն Ամերիկա ընկերության գործունեությունը սահմանափակվում է միայն նշվածով»,- նշել է վարչապետ:

2014 թվականին Արգենտինայում մեկնարկած նման ձևաչափով հանդիպումները կրում են շարունակական բնույթ և միտված են աշխատանքներում առավել բարձր արդյունքի ապահովմանը: Վերջին անգամ հանդիպումը տեղի էր ունեցել 2016 թվականին Բրազիլիայում: Այս տարի Հայաստանն է հանդես գալիս որպես հյուրընկալող երկիր: «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունն աշխարհի մեծագույն ընկերություններից է մասնավոր օդանավակայանների կառավարման առումով և աշխարհում տասներորդն է՝ ուղևորների սպասարկման առումով:

2017 թվականի դրությամբ ընկերության օդանավակայանները սպասարկել են 77 միլիոն ուղևորի, որոնց մոտ 32.8 տոկոսը եղել են միջազգային փոխադրման ուղևորներ, մոտ 55.3 տոկոսը՝ ներքին չվերթերի, 11.9 տոկոսը՝ տարանցիկ չվերթերի ուղևորներ:

 Ուշագրավ
Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը՝ նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով
Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի